Արամ Խաչատրյանի Տուն-Թանգարան

Հայ ժողովրդի մեծ զավակ, անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978 թ-ին:
Տուն-թանգարանը ստեղծվեց մարշալ Բաղրամյանի պողոտայի և Պլեխանով (այժմ` Զարոբյան) փողոցի հատման հատվածում գտնվող այն առաձնատան հիման վրա, որ 1947 թ-ին Արամ Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը: Միահարկ առանձնատունը (ճարտարապետ` Մարկ Գրիգորյան) բաղկացած էր հինգ ընդարձակ սենյակներից և ուներ տնամերձ այգի: Դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք որոշում էր կայացվել վերածել այն տուն-թանգարանի: Կոմպոզիտորը առիթ էր ունեցել ծանոթանալու ապագա տուն-թանգարանի շենքի նախագծի էսքիզներին, որ ստեղծել էր ճարտարապետ Էդվարդ Ալթունյանը և նախագծի ալբոմի տիտղոսաթերթի վրա գրի էր առել իր դիտարկումներն ու առաջարկությունները:
Արամ Խաչատրյանը սիրում էր իր այս երևանյան բնակարանը: Հայրենիք այցելելիս Մաեստրոն այստեղ էր կանգ առնում, ընդունում հյուրերին, աշխատում` ի մի բերելով Հայաստանի տարբեր շրջաններից ստացած տպավորությունները:
Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում: Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ:
Առաջին հարկում հուշատունն է, ֆոնդադարանը, գրադարանը, աշխատասենյակները: Ճեմասրահից ոլորապտույտ աստիճանները տանում են երկրորդ հարկ, ուր 10 ընդարձակ և լուսավոր ցուցասրահները նախատեսված են մշտական ցուցադրության համար: Երկրորդ հարկում են նաև ձայնադարանը և համերգասրահը:
1984 թ-ի հունվարի 23-ին բացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը: Այդ օրերին մեր երկրի, ինչպես նաև ամբողջ աշխարհի երաժշտասեր հասարակայնությունը մեծ շուքով նշում էր աշխարհահռչակ կոմպոզիտորի 80-ամյակը: Կարճ ժամանակում այն դարձավ սիրված վայր մեծ երաժշտի թե´ հայ, թե´ օտարերկրացի երկրպագուների համար: Տուն-թանգարանի ընդարձակ ու լուսավոր ցուցասրահներում այցելուների առջև բացվում է խաչատրյանական մի նոր աշխարհ: Ուշագրավ լուսանկարներ, փաստաթղթեր, ստեղծագործությունների ձեռագրեր, տարբեր հրատարակություններ, հեղինակային համերգների և բալետային ներկայացումների հայտագրեր, ծրագրեր, բուկլետներ, բեմական իրեր, հոբելյանական ուղերձներ, դիպլոմներ, շքանշաններ, մրցանակների և կոչումների վկայագրեր, գրքեր, հոդվածներ, հիշատակի նվիրումներ և այլ ցուցանմուշներ պատմում են նրա ողջ անցած ուղու մասին` սկսած մանկությունից, ներկայացնում նրան որպես մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, պետական հասարակական գործիչ:Սրահներում ժամանակակից ձայնատեսային սարքավորումներով ցուցադրվում են վավերագրական դրվագներ Ա. Խաչատրյանի կյանքից:
Տասը ցուցասրահների ցուցադրության շարունակությունն է հուշատան ցուցադրությունը:
Այստեղ տիրում է Խաչատրյանների ընտանեկան մթնոլորտը: Ամենուր զգացվում է տանտիրոջ ներկայությունը: Կարծես առօրյա անցուդարձից հոգնած` կոմպոզիտորը վերադառնում է տուն: Հինգ սենյականոց բնակարանում Ա. Խաչատրյանի ու նրա կնոջ` կոմպոզիտոր Նինա Մակարովայի ննջասենյակի կահույքն է, անձնական ու կենցաղային իրեր, հուշանվերներ, նվերներ: Աշխատասենյակում Խաչատրյանի ռոյալն է: Թանգարանում ամենուր հնչում է Մաեստրոյի անմահ երաժշտությունը:
Տուն-թանգարանի շքեղ համերգասրահում կազմակերպվում են արդեն ավանդական դարձած միջոցառումներ` փառատոներ, հուշ-երեկոներ, մրցույթներ, հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, հնչում են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ, իրականացվում են կրթական ծրագրեր:
Թանգարանի ձայնադարանի հարուստ, եզակի հավաքածուն հնարավորություն է տալիս այցելուներին ունկնդրել ոչ միայն Խաչատրյանի, այլ նաև համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներ:

Գլխավոր հավաքածուները

  • Երաժշտական գիրք, որը բացելիս հնչում է կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը՝ մեծանուն ջութակահար Դավիթ Օյստրախի կատարմամբ

    Արամ Խաչատրյան

    Հայտնի չէ

  • Արամ Խաչատրյանի դիրիժորական փայտիկը

    Արամ Խաչատրյան

    1960

  • Արամ Խաչատրյանի ճամպրուկները

    Արամ Խաչատրյան

  • Անվանի միկրոքանդակագործ Էդուարդ Ղազարյանի հեղինակած Արամ Խաչատրյանի պատկերով միկրոքանդակ

    Արամ Խաչատրյան

    1973