Մարտիրոս Սարյանի Տուն-Թանգարան

XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը բացվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, որտեղ նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին:
Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով:

Դեպի փողոց դուրս եկող թանգարանի ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մ. Սարյանի էսքիզով, ստեղծել է հայտնի նկարիչ Գագիկ Սմբատյանը: Տուն-թանգարանի առաջին տնօրենը եղել է նկարչի որդին, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը, որն իր վրա էր վերցրել շենքի կառուցման աշխատանքների ղեկավարումը: 1967-2005 թվականներին թանգարանը տնօրինել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը, որը մեծ նվիրումով հարստացրել և համալրել է թանգարանի ֆոնդը: 2003-2004 թվականներին տուն-թանգարանի տնօրենը եղել է Լուսիկ Միրզոյանը, ով մինչ այդ երկար տարիներ թանգարանում աշխատել է որպես գլխավոր ֆոնդապահ:
2004 թվականից տուն-թանգարանը ղեկավարում է ներկայիս տնօրեն՝ նկարչի թոռնուհի, բանասիրական գիտությունների թեկնածու` Ռուզան Սարյանը:
Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք վերջին տարիներին գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում: Թանգարանի ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները: Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ: Այսօր Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնական նպատակն է Վարպետի արվեստի ցուցադրումը, մեկնաբանումն ու հանրահռչակումը: Թանգարանում տարվում է նաև գիտական աշխատանք՝ կազմվում է նրա կյանքի և ստեղծագործության լիակատար տարեգրությունը, հրապարակվում են նրա հուշերը, ձեռագրերն ու նամակները, կազմվում է աշխատանքների լիակատար կատալոգը: Ներկայումս մշակվում է նաև տուն-թանգարանի հուշային ֆոնդը: Թանգարանում կազմակերպվում են հատուկ կրթա-մշակութային ծրագրեր երեխաների և երիտասարդության համար, անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, դասական կամերային երաժշտության համերգների ընդգրկմամբ: Մ. Սարյանի թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական կյանքի բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին ամիսներին ստեղծված աշխատանքները: 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում ժամանակագրական կարգով:
Այն ընդգրկում է նաև հայտնի աշխատանքներ Սարյան ընտանիքի հավաքածուից: Այցելուները հնարավորութուն ունեն նաև այցելել նաև Վարպետի արվեստանոց:
«Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել: Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ: Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում: Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է: Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել:
Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ: Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես»,- ասել է Մ. Սարյանը:

Գլխավոր հավաքածուները

  • ԱՐԱՐԱՏԸ ԵՐԵԿՈՅԱՆ

    Մարտիրոս Սարյան

    1958

  • ԱՐԱԳԱԾ

    Մարտիրոս Սարյան

    1925

  • ԱՇՏԱՐԱԿԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԾԱՂԻԿՆԵՐ

    Մարտիրոս Սարյան

    1947

  • ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԱԿ ԳԱՐՆԱՆԸ

    Մարտիրոս Սարյան

    1928