թանգարաններ

Մարտիրոս Սարյանի Տուն-Թանգարան

XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը բացվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, որտեղ նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին: Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով: Դեպի փողոց դուրս եկող թանգարանի ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մ. Սարյանի էսքիզով, ստեղծել է հայտնի նկարիչ Գագիկ Սմբատյանը: Տուն-թանգարանի առաջին տնօրենը եղել է նկարչի որդին, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը, որն իր վրա էր վերցրել շենքի կառուցման աշխատանքների ղեկավարումը: 1967-2005 թվականներին թանգարանը տնօրինել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը, որը մեծ նվիրումով հարստացրել և համալրել է թանգարանի ֆոնդը: 2003-2004 թվականներին տուն-թանգարանի տնօրենը եղել է Լուսիկ Միրզոյանը, ով մինչ այդ երկար տարիներ թանգարանում աշխատել է որպես գլխավոր ֆոնդապահ: 2004 թվականից տուն-թանգարանը ղեկավարում է ներկայիս տնօրեն՝ նկարչի թոռնուհի, բանասիրական գիտությունների թեկնածու` Ռուզան Սարյանը: Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք վերջին տարիներին գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում: Թանգարանի ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները: Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ: Այսօր Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնական նպատակն է Վարպետի արվեստի ցուցադրումը, մեկնաբանումն ու հանրահռչակումը: Թանգարանում տարվում է նաև գիտական աշխատանք՝ կազմվում է նրա կյանքի և ստեղծագործության լիակատար տարեգրությունը, հրապարակվում են նրա հուշերը, ձեռագրերն ու նամակները, կազմվում է աշխատանքների լիակատար կատալոգը: Ներկայումս մշակվում է նաև տուն-թանգարանի հուշային ֆոնդը: Թանգարանում կազմակերպվում են հատուկ կրթա-մշակութային ծրագրեր երեխաների և երիտասարդության համար, անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, դասական կամերային երաժշտության համերգների ընդգրկմամբ: Մ. Սարյանի թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական կյանքի բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին ամիսներին ստեղծված աշխատանքները: 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում ժամանակագրական կարգով: Այն ընդգրկում է նաև հայտնի աշխատանքներ Սարյան ընտանիքի հավաքածուից: Այցելուները հնարավորութուն ունեն նաև այցելել նաև Վարպետի արվեստանոց: «Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել: Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ: Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում: Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է: Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել: Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ: Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես»,- ասել է Մ. Սարյանը:

Սարյան Փողոց., 3 Շենք, Երեւան 0002, Հայաստան

աշխատանքային ժամերը: 11:00 - 18:00 (Ուրբ - Չրք)

փակ է: հինգշաբթի

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Ականավոր կինոբեմադրիչ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թ. Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից հետո, երբ “Ձորագյուղ” ազգագրական թաղամասում Սերգեյ Փարաջանովին հատկացվել է երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988 թ. երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991 թ.: Այն Երևանի ամենշատ այցելուներ հյուընկալող թանգարաններից մեկն է: Փարաջանովի արվեստը մեծ հետաքրքրություն է առաջացնում աշխարհի շատ երկրներում: Թանգարանում պահպանվում է Փարաջանովի ստեղծագործական ժառանգությունը՝ կոլաժներ, ասամբլյաժներ, ֆիլմերի էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, անձնական իրեր և ընկերների նվերներ, ընդհանուր առմամբ շուրջ 1600 առարկա: Հեղինակի ինքնատիպ վերաբերմունքը կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումն արտահայտված են նրա ստեղծագործություններում, որոնց մի մասը արվել էր բանտում. Փարաջանովը սովետական իշխանությունների կողմից շուրջ 15 տարի զրկված էր ֆիլմ նկարելու հնարավորությունից, որոնցից 1973-1977 թթ. և 1982 թ. անցկացրել է խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում: Թանգարանում կյանքի են կոչվել Սերգեյ Փարաջանովի արվեստի գեղարվեստական և ցուցադրական սկզբունքները: Գոյության 26 տարիների ընթացքում թանգարանը 30 երկրներում կազմակերպել է 64 ցուցահանդես: Թանգարանի

Ձորագյուղ ազգագրական թաղամաս, 15/16 տուն, Հայաստան, 0015, Երևան

աշխատանքային ժամերը: 10:30 - 17:00 (Երկ - Կիր)

փակ է: Մենք աշխատում ենք ամեն օր

Արամ Խաչատրյանի Տուն-Թանգարան

Հայ ժողովրդի մեծ զավակ, անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978 թ-ին: Տուն-թանգարանը ստեղծվեց մարշալ Բաղրամյանի պողոտայի և Պլեխանով (այժմ` Զարոբյան) փողոցի հատման հատվածում գտնվող այն առաձնատան հիման վրա, որ 1947 թ-ին Արամ Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը: Միահարկ առանձնատունը (ճարտարապետ` Մարկ Գրիգորյան) բաղկացած էր հինգ ընդարձակ սենյակներից և ուներ տնամերձ այգի: Դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք որոշում էր կայացվել վերածել այն տուն-թանգարանի: Կոմպոզիտորը առիթ էր ունեցել ծանոթանալու ապագա տուն-թանգարանի շենքի նախագծի էսքիզներին, որ ստեղծել էր ճարտարապետ Էդվարդ Ալթունյանը և նախագծի ալբոմի տիտղոսաթերթի վրա գրի էր առել իր դիտարկումներն ու առաջարկությունները: Արամ Խաչատրյանը սիրում էր իր այս երևանյան բնակարանը: Հայրենիք այցելելիս Մաեստրոն այստեղ էր կանգ առնում, ընդունում հյուրերին, աշխատում` ի մի բերելով Հայաստանի տարբեր շրջաններից ստացած տպավորությունները: Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում: Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ: Առաջին հարկում հուշատունն է, ֆոնդադարանը, գրադարանը, աշխատասենյակները: Ճեմասրահից ոլորապտույտ աստիճանները տանում են երկրորդ հարկ, ուր 10 ընդարձակ և լուսավոր ցուցասրահները նախատեսված են մշտական ցուցադրության համար: Երկրորդ հարկում են նաև ձայնադարանը և համերգասրահը: 1984 թ-ի հունվարի 23-ին բացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը: Այդ օրերին մեր երկրի, ինչպես նաև ամբողջ աշխարհի երաժշտասեր հասարակայնությունը մեծ շուքով նշում էր աշխարհահռչակ կոմպոզիտորի 80-ամյակը: Կարճ ժամանակում այն դարձավ սիրված վայր մեծ երաժշտի թե´ հայ, թե´ օտարերկրացի երկրպագուների համար: Տուն-թանգարանի ընդարձակ ու լուսավոր ցուցասրահներում այցելուների առջև բացվում է խաչատրյանական մի նոր աշխարհ: Ուշագրավ լուսանկարներ, փաստաթղթեր, ստեղծագործությունների ձեռագրեր, տարբեր հրատարակություններ, հեղինակային համերգների և բալետային ներկայացումների հայտագրեր, ծրագրեր, բուկլետներ, բեմական իրեր, հոբելյանական ուղերձներ, դիպլոմներ, շքանշաններ, մրցանակների և կոչումների վկայագրեր, գրքեր, հոդվածներ, հիշատակի նվիրումներ և այլ ցուցանմուշներ պատմում են նրա ողջ անցած ուղու մասին` սկսած մանկությունից, ներկայացնում նրան որպես մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, պետական հասարակական գործիչ:Սրահներում ժամանակակից ձայնատեսային սարքավորումներով ցուցադրվում են վավերագրական դրվագներ Ա. Խաչատրյանի կյանքից: Տասը ցուցասրահների ցուցադրության շարունակությունն է հուշատան ցուցադրությունը: Այստեղ տիրում է Խաչատրյանների ընտանեկան մթնոլորտը: Ամենուր զգացվում է տանտիրոջ ներկայությունը: Կարծես առօրյա անցուդարձից հոգնած` կոմպոզիտորը վերադառնում է տուն: Հինգ սենյականոց բնակարանում Ա. Խաչատրյանի ու նրա կնոջ` կոմպոզիտոր Նինա Մակարովայի ննջասենյակի կահույքն է, անձնական ու կենցաղային իրեր, հուշանվերներ, նվերներ: Աշխատասենյակում Խաչատրյանի ռոյալն է: Թանգարանում ամենուր հնչում է Մաեստրոյի անմահ երաժշտությունը: Տուն-թանգարանի շքեղ համերգասրահում կազմակերպվում են արդեն ավանդական դարձած միջոցառումներ` փառատոներ, հուշ-երեկոներ, մրցույթներ, հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, հնչում են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ, իրականացվում են կրթական ծրագրեր: Թանգարանի ձայնադարանի հարուստ, եզակի հավաքածուն հնարավորություն է տալիս այցելուներին ունկնդրել ոչ միայն Խաչատրյանի, այլ նաև համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներ:

Զարոբյան փող., 3 շենք, Հայաստան, 0009, Երևան

աշխատանքային ժամերը: 11:00 - 17:00 (Երկ - Շբթ)

փակ է: կիրակի