ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ: ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԵՐԺԻ ՀԵՏ

Դեկտեմբերի 25-ից Մատենադարանում գործում էր «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցահանդեսը: Ցուցադրությունը կազմված էր Մ. Սարյանի տուն-թանգարանի հավաքածուի 31 ստեղծագործությունից:

Ի զգայականս Եդեմայ բխեալ պատրաստեաց Տնկողն,
Զի ոռոգեալ ծաղկեսցի նովաւ,
Որ ի յիս բարեգործութեան կենսատունկ դրախտ:
Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան» (ԼԷ, Բ)
Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Մատենադարանում լի է ներքին մեծ խորհրդով: Դեռ երիտասարդ տարիքում, լինելով Մոսկվայի նկարչության քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի սան, նկարիչն եկավ հայրենիք, այցելեց այն ժամանակ Էջմիածնում գտնվող Մատենադարանը, տեսավ մեր հին ձեռագիր գրքերը, հիացավ Թորոս Ռոսլինի և մյուս միջնադարյան ծաղկողների արվեստով: Նա ստացավ այն հզոր ստեղծագործական լիցքը, որը կրեց իր ողջ կյանքի ընթացքում, զարգացրեց այն ժամանակակից ոգով, նոր որակով: Մարտիրոս Սարյանը իր արվեստով մեր ժամանակները հաղորդակից դարձրեց հայ արվեստի պատմական ավանդներին, նոր շունչ և մարմնավորում հաղորդեց նրանց մեջ ամփոփված իմաստության և բարձրագույն արժեքների հավերժական, անանց նշանակությանը: Մ.Սարյանը իրագործեց իր առջև դրված գերագույն նպատակը` հասավ այն «դժվար թեթևությանը, որը բնորոշ է բոլոր ժամանակների խոշոր վարպետներին»: Նրա արվեստի ոճականության թեթևությունը, որը քննադատները հաճախ որոշարկում են որպես մանկական հայացք, պրիմիտիվիզմ կամ դեկորատիվիզմ, հիրավի ելնում է հին և միջնադարյան հայ արվեստին բնորոշ մտածողությունից: Դա խորհրդանիշների յուրահատուկ լեզու է: Դրանցից ամեն մեկն ամփոփում է իր մեջ համամարդկային հավերժական գաղափարներ: Դրանք են և Կենաց ծառը, լուսերգությունը, անմահությունը:
Մարդկության կեցության անանց արժեքների արտահայտումը Մ.Սարյանը գտավ և այլ ազգային մշակույթներում, օրինակ՝ եգիպտականում: Եգիպտոսից բերված փայտե դիմակը նա համադրեց իր արվեստում միշտ առկա հոգևորի հավերժ գոյության գաղափարի հետ:
Մատենադարանում կազմակերպված ցուցադրության մեջ ընդգրկված են Մ.Սարյանի վաղ շրջանի «Հեքիաթներ և երազներ» ջրաներկ շարքի 7 աշխատանք, ինչպես նաև բոլոր ստեղծագործական շրջանների գեղանկարչական գլուխգործոցները, այդ թվում՝ «Ինքնադիմանկար» (1909), «Ջրհորի մոտ: Տապ օր» (1908), «Քայլող կինը» (1911), «Եգիպտական դիմակներ» (1915), «Դեպի աղբյուր» (1926), «Ինքնադիմանկար: Երեք հասակ» (1942), «Հեքիաթ»(1971) և այլ աշխատանքներ:

Գլխավոր հավաքածուները

  • ՄՈՐ ԴԻՄԱՆԿԱՐԸ

    Մարտիրոս Սարյան

    1898

  • ՍԵՐ - ՀԵՔԻԱԹ

    Մարտիրոս Սարյան

    1906

  • ԳԻՍԱՍՏՂ

    Մարտիրոս Սարյան

    1907

  • ՋՐՀՈՐԻ ՄՈՏ - ՇՈԳ ՕՐ

    Մարտիրոս Սարյան

    1908

Այցելուներին

Սարյան Փողոց., 3 Շենք, Երեւան 0002, Հայաստան

+374 10 580568

info@sarian.am

թանգարանի ցուցահանդեսի ժամերը

սկիզբ: 10.03.2017 10:30

վերջ: 22.03.2017 12:00

Տոմսի արժեքը 1000 AMD