ՍԵՐ - ՀԵՔԻԱԹ

1906

Մարտիրոս Սարյան

«Սեր: Հեքիաթը» Սարյանի «Հեքիաթներ և երազներ» ( 1903 – 1906) ջրանկարների շարքի գլուխգործոցն է: 1903 թ. Մոսկվայի ուսումնարանը ավարտելուն պես երիտասարդ Մ. Սարյանը կտրականապես մերժեց գեղանկարչական դպրոցի կայունացած կանոնները և ելավ ինքնարտահայտման նոր միջոցների որոնման ճանապարհ: «Բնությունից արված մի շարք էտյուդներից հետո, ես ուզեցի կտրվել նրանից և ընկղմվել երևակայության ոլորտը», - հիշում էր նկարիչը: Հեքիաթի և անուրջի աշխարհը նկարչին հնարավորություն ընձեռեց արտահայտելու բնության հետ մերձենալու և նույնանալու նրա ձգտումը: Ջրաներկի տեխնիկան հնարավորություն տվեց նրան վերարտադրել հոգեկան ամենանուրբ ապրումները, նրբագեղ գունախաղերը, օդի շարժումը, լույսի թրթիռը: Տղամարդն ու կինը միաձուլվել են հավերժ համբույրով: Նրանց քնքշորեն փարվել է վիթը: Հեռվում ծովի ջրերը օրորում են նավակը: Ողջ կոմպոզիցիայի գունային լուծումները հիմնված են մուգ կապույտից երկնագույն և բաց երկնագույն երանգների անցումների վրա:
«Սեր: Հեքիաթը» Մ. Սարյանի սիրելի աշխատանքներից է: 2003 թվականին այն, ի թիվս այս շրջանի մյուս ջրանկարների, ներկայացվեց Ֆրանսիայի Անտիբ քաղաքի Պիկասոյի թանգարանում կազմակերպված Մ. Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսում, իսկ 2010 թվականին Հոլանդիայի Գրոնինգեր թանգարանում կազմակերպված «Ռուսաստանի անհայտ արևելքը» ցուցահանդեսում: