ՄՈՐ ԴԻՄԱՆԿԱՐԸ

1898

Մարտիրոս Սարյան

Սարյանն այս դիմանկարը ստեղծել է ուսանողական տարիներին: Այն արված է դիմանկարային արվեստի ակադեմիական կանոններին համապատասխան: Թեև Սարյանը դեռ չի հետապնդում նոր գեղանկարչական խնդիրներ, սակայն նրա ստեղծած կերպարը հայտնաբերում է որդիական ջերմ սեր պաշտելի մոր՝ Ուստիանեի հանդեպ և համահունչ է իր գրառումներում թողած հետևյալ նկարագրությանը: «Մայրս արտասովոր աշխատասեր կին էր: Ամբողջ օրը ոտքի վրա էր. ջրհորից ջուր էր հանում, վառարանը վառում, հաց ու համեղ կարկանդակներ թխում, ճաշ եփում, կով կթում, յուղ ու պանիր պատրաստում... Ամեն ինչ ձեռքից գալիս էր, և այդ բոլորն անում էր թեթևությամբ, որպես իր գործի հմուտ վարպետ: Անգամ կարողանում էր ձախ ձեռքում պահելով երեխային, աջով խմոր հունցել: Այն, ինչ եփում կամ թխում էր ոչ մի րոպե հանգիստ չունեցող մեր մայրիկը, անչափ համեղ էր: Նա ճշմարիտ քրիստոնյայի ոգով էր դաստիարակված, և ամեն օր աղոթում էր հանուն մարդկանց փրկության ու երջանկության, Աստծուց խնդրում, որ ների իրեն, այդ սուրբ էակին, իբր գործած մեղքերի համար»: