Առաջին սիմֆոնիայի կլավիրի ձեռագիր

1934

Արամ Խաչատրյան

2013թ. Արամ Խաչատրյանի երաժշտության ձեռագիր նոտաները տուն-թանգարանի հավաքածուից և ֆիլմերի երաժշտությունը գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեեստրում:Այդ ձեռագրերի թվում է կոմպոզիտորի՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ավարտական աշխատանքի՝ Առաջին սիմֆոնիայի կլավիրի ձեռագիրը: Այն 1981թ. թանգարանին է նվիրել երաժշտագետ Գեորգի Խուբովը:
Առաջին սիմֆոնիան «ծնվեց» 1934թ.-ին, իսկ արդեն 1935թ ապրիլի 23-ին առաջին անգամ հնչեց Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում՝ տեղի նվագախմբի կատարմամբ, հետագայում՝ աշխարհի տարբեր անկյուններում՝ նշանավոր համերգային բեմերում: Կա մի հետաքրքիր միջադեպ՝ կապված Առաջին սիմֆոնիայի հետ: Երբ ավստրիացի դիրիժոր Ֆրից Շտիդրին բարձրացնում է դիրիժորական փայտիկը, քթից արյունը հոսում է պարտիտուրին: Երաժիշտները սկսում են կատակել՝ ստեղծագործությունը կոչելով Արյունոտ սիմֆոնիա:
Սիմֆոնիայի բարձր արժեքը, ինքնատիպությունը, ազգային վառ կոլորիտն անմիջապես գրավեցին թե՛ լսարանին, թե՛ մամուլին, թե՛ կոմպոզիտորի կոլեգաներին և ընկերներին:
Սիմֆոնիան ունկնդրելուց հետո ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն ասել է. «Սիմֆոնիան մեզ գրավեց իր թարմությամբ, մելոդիայի արտահայտչականությամբ, գույների խտությամբ և հզոր խառնվածքով: Անկասկած, մեր արվեստ է մուտք գործել վառ, ինքնատիպ և հզոր տաղանդ, ով կոչված է բացելու նոր հորիզոններ 20-րդ դարի երաժշտական աշխարհում»: