Արամ Խաչատրյանի թավջութակը

1922

Արամ Խաչատրյան

Մինչև 19 տարեկան հասակը երաժշտական կրթություն չստացած Արամը ավագ եղբոր՝ Մոսկվայում արդեն ճանաչված արվեստագետ Սուրենի օգնությամբ, հայտնվում է Մոսկվայում: Շրջապատողների՝ երաժշտությամբ լրջորեն զբաղվելու պնդումները՝ նրան տանում են Գնեսինների երաժշտական տեխնիկում:
Անվանի երաժիշտ-մանկավարժներ Եվգենիա և Միխայիլ Գնեսինները նկատեցին նրա արտասովոր երաժշտական շնորհը: Քանի որ մեծ էր դաշնամուրի դասարանում ուսանելու համար, նրան առաջարկեցին ընտրել ուրիշ երաժշտական գործիք: Նա անկյունում տեսավ մի թավջութակ և ասաց, որ ուզում է նվագել այդ մեծ ջութակի վրա, սակայն այդ ժամանակներում շատ դժվար էր թավջութակ ձեռք բերելը:
Մի ձմեռային ցուրտ օր Արամը ուղևորվեց Ռուսաստանի Կովրով քաղաք, այնտեղ բնակվող հարազատներից «Ցիմերման» մակնիշի թավջութակ վերցնելու համար: Վերադարձին ցուրտ, 4-րդ կարգի վագոնում նա ամուր գրկել էր թավջութակը ՝ այն ցրտից պահպանելու համար:
Այդ թավջութակով նա ելույթ էր ունենում ուսանողական երեկույթներին: Նրա կատարումներն արդեն իսկ արժանանում էին ուսուցիչների գովեստին: Նա շատ էր սիրում նվագել Ս. Ռախմանինովի «Վոկալիզը», որը հարիր էր իր ռոմանտիկ խառնվածքին: