Արամ Խաչատրյանի մայրիկի հայելին

Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյանի մայրիկի հայելին այն հազվագյուտ իրերից է, որ մնացել է Խաչատրյանների թիֆլիսյան բնակարանից, և որին կոմպոզիտորը մինչև իր կյանքի վերջը վերաբերվում էր որպես մասունքի: Այն նրա մեջ արթնացնում էր թանկագին հիշողություններ: Հիշում էր՝ ինչպես էր մայրը այս հայելու առջև սանրում իր գեղեցիկ, փարթամ մազերը: Մոր գեղեցկությամբ նա միշտ հպարտացել է: Կոմպոզիտորը հաճախ ասում էր. «Մայրս՝ Ղումաշը, հիանալի կին էր, անվերապահորեն նվիրված տանը, երեխաներին, ամուսնուն: Բարձրահասակ էր, գեղանի, սլացիկ: Ընտանեկան տոներին շատ նազանքով պարում էր, քաղցրահնչյուն երգում: Ես սիրում էի նրան նայել ու հիանալ»:«Մայրս էր, որ առաջինը իմ մեջ սեր արթնացրեց դեպի հայկական ժողովրդական մեղեդիները»: Արամ Խաչատրյանը, կարծես խոստովանանք, ասում էր, որ երբ կարոտում էր հանգուցյալ մորը, նայում էր այս հայելուն և տեսնում մոր բարի հայացքը, նրա երբեմն թախծոտ, երբեմն ուրախ աչքերը:
Հայելու մեջ կոմպոզիտորը տեսնում էր նաև մոր հպարտությամբ լցված աչքերը, երբ նա լսում էր ինչպես է փոքրիկ Արամը խարխուլ դաշնամուրի վրա իմպրովիզներ անում իր երգած ժողովրդական մեղեդիներից: