Լուսանկար. Արամ Խաչատրյանը՝ Սոֆյա Արղության-Դոլգորուկայի վարժարանում

1910

Արամ Խաչատրյան

Լուսանկար

Մի հետաքրքրաշարժ լուսանկար՝ 7-ամյա Արամը Թիֆլիսի՝ իշխանուհի Սոֆյա Արղության-Դոլգորուկայայի վարժարանում ուսանելու տարիներին՝ իր դասընկերների հետ: Փոքրիկ Արամը կարծես տարբերվում է ընկերներից իր սևեռուն, խելացի հայացքով, պարզ, վճիտ աչքերով, նույնիսկ իր նստած դիրքով: Ինչպես Խաչատրյանը հետագայում հիշում էր, այս վարժարանը մեծ փոփոխություն էր մտցրել նրա տղայական, անհոգ կենցաղում: Ի հայտ էին եկել դպրոցական պարտավորություններ և հոգսեր, պետք էր ենթարկվել որոշակի կարգ ու կանոնի:
Սաների կենտրոնում նստած է նրանց երգ-երաժշտության ուսուցիչ Մուշեղ Աղայանը՝ հայ անվանի գրող Ղազարոս Աղայանի որդին: Խաչատրյանը նրա մասին մեծ երախտագիտությամբ էր խոսում: Հիշում էր, թե նա ինչպես շաբաթը 2 անգամ գալիս էր դասարան, նստում դաշնամուրի մոտ, իսկ սաները շրջապատում էին նրան ու սկսում նրա նվագակցությամբ երգել հայերեն, ռուսերեն, վրացերեն երգեր: Խաչատրյանն ասում էր. «Ես միշտ մեծ բավականությամբ էի հաճախում այդ դասերին: Հնարավոր է հենց այդ դասերն էլ որոշիչ դեր խաղացին իմ երաժշտական զարգացման գործում»:
Վերին շարքում սաների կենտրոնում կանգնած է վարժարանի տնօրենը՝ իշխանուհի Սոֆյա Արղության-Դոլգորուկայան: