ՀԱՅԱՍՏԱՆ, ՊԱՆՆՈ

1964

Մարտիրոս Սարյան

Մոնումենտալ «Հայաստան: Պաննո» -ի էսքիզը ստեղծվել է 1964 թվականին Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի ճեմասրահի համար:
Մեր աչքի առջև բացվում է Հայաստանի համայնապատկերն իր լեռներով ու ժայռերով, հովիտներով ու գետերով: Սարյանը համադրում, ամբողջականացնում է հարազատ երկրի հարուստ բնությունը իր ողջ բազմազանությամբ և ինքնատիպությամբ: Բնապատկերը ողողված է արևով, շողարձակող գույները ստեղծում են լույսի տոնական սիմֆոնիա: Բայց արևի հետ մեկտեղ, իբրև բնության փոքրիկ քմահաճույք, Արարատյան դաշտավայրի վրա անձրև է տեղում: Այստեղ կարելի է տեսնել ժայռերի հիասքանչ ձևեր, որոնք երգեհոնի խողովակներ են հիշեցնում, և դա սոսկ ոճավորում չէ: Նման ժայռեր կան Գառնու ձորում, որոնց ժողովուրդը անվանել է «քարե սիմֆոնիա»: Եռանկարի ձախ մասը շատ բանով կրկնում է 1923 թ. «Հայաստան» նկարը և նույն տարում Սարյանի ստեղծած Հայաստանի առաջին Պետթատրոնի վարագույրը: Կարելի է ասել, որ մեկ կտավի մեջ ամբողջ Հայաստանը պատկերելու գաղափարը, որն ինքնին գեղանկարչության մեջ բացառիկ երևույթ է, Սարյանը կրել է իր ողջ կյանքի ընթացքում: Այն արտացոլվեց և մարմնավորվեց «Հայաստան» մոնումենտալ պաննոյում: