ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԱԿ ԳԱՐՆԱՆԸ

1928

Մարտիրոս Սարյան

«Երևանյան բակ գարնանը» կտավը Սարյանը ստեղծել է 1928 թվականին, Փարիզից վերադառնալուց հետո: Դա հին Երևանի մի անկյուն է, ազգային ճարտարապետությանը բնորոշ երկհարկանի տնով, որն ուներ ներքին բակ նայող փայտյա պատշգամբ: Պահպանվել է նկարչի գրառումը, որտեղ նա նկարագրում է այդ բակը. «1924 թվականին մենք տեղափոխվեցինք նոր բնակարան` Ռուբենի փողոց, տուն 55, որտեղ ես կարող էի հանգիստ ապրել և աշխատել: Տան դիմացի փոքրիկ ծաղկանոցը, այգին, պատշգամբից բացվող տեսարանը. ամեն ինչ շատ գեղանկարչական էր: Գարնանը ողջ շրջակա տարածքը վերածվում էր ծաղկած պարտեզի: Հատկապես լավն էին գլիցինիայի ծաղիկները… Հին գեղանկարչական երևանյան տնակները սկսեցին աստիճանաբար փլվել, նրանց մասին ոչ ոք չէր հոգում: Դրանք դատարկվեցին և վերածվեցին փլատակների: Ցավում եմ, որ այն ժամանակ այդքան քիչ եմ նկարել այդ տեսարանները»:
Ցավոք, չպահպանվեց նաև նկարում պատկերված այս բակն ու տունը: Նկարիչը հատուկ տեղ է հատկացնում պատշգամբի մոտ աճող կապտամանուշակագույն ծաղիկներով գլիցինիային, որը բազմիցս է գրավել Սարյանի ուշադրությունը: Նրա 1910 թվականին ստեղծած «Գլիցինիան» Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի զարդերից է: