ՋՐՀՈՐԻ ՄՈՏ - ՇՈԳ ՕՐ

1908

Մարտիրոս Սարյան

Սարյանը ծառեր նկարել է իր ողջ կյանքի ընթացքում: Դրանք, կարծես, դարերի միջով մեզ են հասցնում դրախտի կենտրոնում Արարչի ձեռքով տնկած Կենաց ծառի սոսափյունը: «Ջրհորի մոտ: Շոգ օր» նկարում կոմպոզիցիայի կենտրոնում խոյացող ծառը մարմնավորում է աշխարհի առանցքի գաղափարը և բոլոր կենդանի էակները, ներառյալ մարդը, նրա շուրջն են հավաքված: Զգացվում է ծառի բնի ուժն ու հզորությունը, վառ արտահայտված տարիքային օղակներով: Նրանով դեպի վեր են ձգտում սաղարթը սնող երկրի ուժերը: Կիզիչ կեսօրին ծառից դեպի վար տարածվում է բարեբեր ստվերը, ստեղծելով հանգստության և ներդաշնակության օազիս: Արևի այրող ճառագայթներից ապաստան գտնելու համար այստեղ են շտապում մարդիկ ու կենդանիները: Ծառի ստվերում պատկերված է ջրհոր, որի եզրին նստել է կապտավուն ստվերին համարյա ձուլված փերին:
Պատկերի ողջ ներկապնակը թաթախված է արևով, գունային լուծումները կառուցված են դեղինի և կապույտի, նարնջագույնի և մանուշակագույնի հակադրումներով: Յուրաքանչյուր վրձնահարված կտրուկ է և եռանդուն, ինչը մեծ արտահայտչականություն է հաղորդում նկարին: