Մարտի 02, 2017

ԴԵՊԻ ԱՆԻ

Զարթիր վերջապես և քեզ նայիր...
Սթափվիր, գուցե դու ավելի գեղեցիկ ես, քան կարծում ես...

Արևն արդեն կապույտ սարի ետևն էր իջնում՝ իր վերջին դողդոջուն շողերը դեպի երեկոյան մթնշաղով պատած հովիտներն ուղղելով:
Բարձունքների վրա ոչխարների հոտերն էին շրջում:
Արևը պահվեց:
Գնացքը մեզ թողեց հայաբնակ փոքրիկ Պուղտաշեն գյուղի մոտ:
Երկնքի մյուս ծայրում լուսինը երևաց մաքուր ու պայծառ և իր մեղմ, արծաթափայլ լույսով ծածկեց մոտակա բլուրները, գյուղը և փողոցներում շրջող բնակիչներին:
Մենք մտանք գյուղական մի աղքատ, մռայլ ու սեղմված խրճիթ, որտեղ այնքան մութ էր, որ ես ոչինչ չէի կարողանում նշմարել և միայն իմ ողջույնիս լսեցի ծանր արտասանած պատասխան:
Մի քանի րոպեից ես պարզ նկատեցի անկյունում մի կռացած, ալեզարդ ծերուկ, որը խաղաղ սպասում էր իր միակ սփոփանքին, որի անունն է՝ մահ: Նրանից մի քիչ հեռու մայրը սև, լայն ու գիշերվա նման հմայիչ աչքերով օրորում էր իր երեխային:
Ծերուկը ծանր շնչեց, կարծես մի բեռ ձգեց իր ուսերից և նայեց երեխայի կողմը:
Երեխան լաց եղավ ու լռեց:
Կարծես լսվեց արհավիրքի թեթև շրշյուն, որ սլացավ մարդկանց գլուխների վրայով, ես զգացի պատահաբար հանդիպած հոգիների դառնակսկիծ ողբը:
Օրորոցը դանդաղ շարժվում էր. մանուկը քնել էր տարված շողերի ցոլքի նման մաքուր երազներով:
Շուրջը ամեն ինչ խաղաղ էր, երբ մենք հեռանում էինք արդեն քնած գյուղից: Մեր առաջից գնում էր մեր ուղեկիցը, իսկ մենք ձի նստած հազիվ էինք նրան հասնում: Ես ինձ շատ անհարմար էի զգում, անսովոր լինելով ձի հեծնելու, բացի դրանից էլ փայտե թամբը ձիու կռնակին ամրացրած չլինելով և ամեն րոպե այս ու այն կողմն էր ընկնում:
Լուսինը երկնքում ծիծաղում էր. աստղերը ցած էին իջնում ու նորից երկինք բարձրանում: Քանի գնում ցուրտը սաստկանում էր և լեռային պաղ քամին ուղիղ երեսներիս էր փչում: Թվում էր, թե ձին փոխանակ առաջ գնալու հետ էր գնում, շուրջս լեռները կարծես պարում էին:
Լուսինը սկսեց քրքջալ. ցուրտ էր: Աչքերս ոչ բացվում էին, ոչ փակվում, նրանց մեջ արտացոլում էր շրջակայքը և հետո կորչում. ոչ քնած էի, ոչ արթուն: Ես պինդ փաթաթվեցի ձիուս վզին:
Լուսինը շարունակում էր քրքջալ և ցատկոտելու, վերջապես, չկարողանալով զսպվել, ուշացած ցած գլորվեց:
Ես ինձ թեթև զգացի և երբ բացի աչքերս, տեսա որ նա նորից հանգիստ փայլում է երկնքում, իսկ մոտս ուղեկիցն է կանգնած: Բախտի բերմամբ ես անվնաս մնացի ու ճանապարհիս մնացած մասը ոտով շարունակեցի:
Հազիվ–հազ հասանք գյուղ, ուր գյուղացիները մեզ տաք թեյով հյուրասիրեցին: Մնում էր դեռ գետն անցնել և հասած կլինեինք մեր նպատակին:
Այստեղից արդեն մեզ մի ուրիշը ուղեկցեց. նա տարավ մեզ մի կիրճի միջով, որի խորքում, փայլուն ժապավենի նման աղմկահույզ Ախուրյանն էր ոլորապտույտ սողում:
Որքան ձորի խորքն էինք իջնում, այնքան էլ ավելի երկու կողմից նրա սև ոլորապիրկ կողքերն էին աճում: Վերևն երևում էր աստեղազարդ երկինքը, խաղաղ, անհուն և հավերժալուռ, իսկ ոտներիս տակ՝ ձորի խորքում, գեղեցկության սիմֆոնիա հորինելով փրփրացայտ ջուրը զարնվում էր քարերին և հետ մղվում անզոր ու տկար:
Ահա մենք ձորի հատակն իջանք: Մեր նավակը սահում է գետի վրայով արագ հոսանքով տարվելով դեպի գետի մյուս ափը:
Մութ է:
Մեր ուղին կտրող վիթխարի քարերի մոտից պտույտ անելով, մենք նեղ շավղով բարձրանում ենք վերև ու վերև: Ուղիղ մեր առաջը ուրվականների նման սկսում են գծագրվել սիգապանծ ավերակներ:
Կիսակործան աշտարակների վրայով թռչում էր հեքիաթը, շարժելով իր լայնարձակ թևերը...Մենք քաղաքն ենք անցնում փոքրիկ ծակի միջով, որ հսկայական պարսպի մեջ է փորված:
Լուսինը ժպտում է... հոգնածությունից ոտներս ծալվում են: Ես մրսում եմ և քաղց եմ զգում:
Լուսինը դողում է... Մենք մոտեցանք մի դարպասի, որի ետևից շների բարձրաձայն հաչոց էր լսվում: Դարպասը բացվեց և իր խրճիթի շեմքին մեզ ընդունեց մի բարի դեմքով վարդապետ: Նրա մոտ կային մի քանի հյուրեր:
Կուշտ ընթրիքից հետո ես հոգնած ընկա մահիճ և, երևի, խոր կքնեի, եթե միջատներն ինձ հանգիստ թողնեին: Երևի նրանք էլ սոված էին:
Առավոտը կարմիր արևն էր ծնվում: Ոսկեզօծ լեռների գագաթներն արդեն ողջունում էին նորածին լուսարփիին, իսկ Անիի լքված ավերակները, առավոտյան մառախուղի շղարշի միջից տխուր ու տրտում ինձ էին նայում:
Ամեն ինչ այնպես լուռ էր ու խաղաղ, որ կարծես, թե այս տեղերով երբեք չի սլացել քայքայման կատաղի մրրիկը, մինչդեռ շուրջդ անցյալի հիշատակարանների վրա ամեն տեղ հուսահատության հետքեր էին երևում, այն ահռելի ճչի հետքերը, որ սարսափահար փախչող մարդկանց սրտերից էր դուրս թռչում:
Այստեղ էլ մի ժամանակ ծաղկում էր այն շքեղ բազմերանգ ծաղիկը, որի անունն է կյանք: Սա մի անգին, բայց մոռացված անկյուն է, որն իսկապես արժանի էր ավելի լուրջ ուշադրության: Սակայն ինչ՞ է իրականությունը...
Անին օտարազգի գիտնականների ուշադրությանն էր արժանացած՝ մինչդեռ իր տիրոջից մոռացված է... Եվ այդ մոռացության մեջ զգում ես վիրավորական հեգնանք այն ժողովրդի գիտակցության հասցեին, որն ունեցել է անցյալում այդպիսի հարստություններ և մինչ այսօր չգիտե իր պատմական սրբությունները գնահատել ու սիրել:
Ամբողջ դարեր են անցել այդ աշտարակների, պարիսպների, տաճարների վրայով, անթիվ գնդակներով ու նետերով են վիրավորել այդ հսկաները... Բայց ժամանակն ավելի անգութ է: Նա անշշուկ, սակայն և անընդհատ, քայքայում է այդ անխնամ թողնված դարևոր հուշարձանները:
Այն, ինչ որ մարդիկ չեն կարողացել քանդել, ժամանակն է լրացնում: Կգա՞ արդյոք այն օրը, երբ թանկագին բեկորները միացնող ու խնամող կգտնվի և ապագա սերնդին վկայական կթողնե Անիի անցյալ փառքից...
Էջմիածնում կա մի հարուստ թանգարան, անհրաժեշտ էր մի այդպիսի թանգարան էլ Անիում հիմնել:
Մենք լուռ շրջում ենք: Ահա դարպասի վրա մի խորհրդավոր բարիելյեֆ՝ կենդանիների հզոր և գեղեցիկ թագավորը - առյուծը, որ այժմ միակ պահապանն է այն քաղաքի ստվերին, որի դռներն ամենքի համար բաց են:
Ահա և ահագին պարսպի մի բեկոր, նա հազիվ է կանգնած, կարծես թե օդում կախված լինի, չորս կողմը խորին լռություն է տիրում, բայց արդեն զգում ես, որ մոտ է այն ժամը, երբ այն բեկորն էլ ահագին դղրդոցով գետին է փռվելու, լցնելով օդը քարե հառաչանքներով:
Ահա և արաբական արձանագրություններով զարդարված մի աշտարակ: Նա զատվում է մյուս շինություններից. նրանում արդեն մի ուրիշ ժողովրդի երգն է զգացվում: Ժողովրդի, որն ով՞ գիտե, թե ինչու թողնելով արաբական անապատները, այստեղ - Հայաստանի լեռներն է եկել...
Իսկ ներքևում գետն է երևում: Նա անդադար աղմկում է և ցերեկը, և գիշերը, և արևի լույսին, և լուսնի աղոտ շողերի տակ...
Ախուրյանի միապաղաղ աղմուկից օրորված, ես նստած էի ժայռի գագաթին ու միտս ընկան բանաստեղծ Լևոն Մանվելյանի խոսքերը.

Բայց լուռ չէ միայն հեգ Ախուրյանը
Եվ գիշեր ցերեկ նա ողբ է ասում.
Նա դեռ հիշում է իր հին օրրանը
Եվ հուսահատված ափերին զարնվում:
Զարնվում է ափերին ու համբույր տալով
Կոծով վազում է հարազատ վայրից
Նման խեղճ այն մոր, որ հեկեկալով
Դառնում է միակ որդու շիրիմից:
Թեև պրոֆեսոր Մառը ավերակ շինություններից մեկը հարմարեցրել է թանգարանի, բայց դա խանգարում է այդ շենքի տպավորությանը: Կարևոր է առանձին հատուկ շինություն կառուցանել, այն էլ դուրսը, դարպասի մոտերքում: Ավելորդ չէր լինի և մի հյուրանոց շինել եկվորների համար:


Մարտիրոս Սարյան
«Նոր կյանք», Նոր Նախիջևան, 4-օգոստոսի
Թարգմ. Ալ. Մյասնիկյանի