Հունվար 30, 2017

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ - ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մ. Սարյան - Արամ Խաչատրյան հայորդի երևույթների փոխհարաբերությունը կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններով. մարդ-անձանց, արվեստագետների և, ամենակարևորը՝ ստեղծագործողների: Մեկ հոդվածի սահմաններում հնարավոր չէ այս ամենը լիովին ներկայացնել. փորձենք կանգ առնել այս փոխհարաբերության առավել կարևոր թվացող եզրերի շուրջը:
Նրանց առաջին, խորհրդանշանային հանդիպումը, ըստ Արամ Խաչատրյանի հուշի, տեղի է ունեցել 1921 թվականին, Բալաջարի կիսակայարանում, երբ արդեն ճանաչված նկարիչն իր ընտանիքով գալիս է Հայաստան ապրելու և ստեղծագործելու հեռանկարային նոր կյանք սպասվող հայրենիքում: Որքան մեծ ու ոգևորող պիտի լիներ նոր կառուցվող հասարակության ճշմարտությանը հավատալու ցանկությունը: Չէ որ հայտարարվող գաղափարները մոտ ու հարազատ էին, մարդուն, մանավանդ արվեստագետին:
Բալաջարի կիսակայարանի ճանապարհով Հայաստան էր գալիս Նոր Նախիջևանում ծնված (ուր գաղթօջախի հիմնական ազգաբնակչությունը հին անեցիներ էին), Մոսկվայի կերպարվեստի, քանդակագործության և ճարտարապետության նշանավոր ուսումնարանում կերպարվեստի դասական հիմքերին հետամուտ եղած և դրանով արյան կանչն առավել շնչավորված, 20-ական թվականների Մոսկվայի գեղարվեստի աշխարհում ճանաչում ձեռք բերած հայազգի նկարիչը: Ապրանքատար վագոնով Մոսկվա էր գնում բազմաշերտ ազգաբնակչություն ունեցող Հավլաբարում ծնված 19-ամյա տաղանդավոր մի երիտասարդ, որն իր ժողովրդին օգտակար լինելու համար 20-ական թվականների գեղարվեստական Մոսկվայից շատ բան ուներ ուսանելու:
Բալաջարի կիսակայարանի այս հպանցիկ հանդիպումը, կարծես, հետագա մարդկային և ստեղծագործական փոխհարաբերությունների նախերգն եղավ:
Այս փոխհարաբերությունը ներկայանում է ավագի ու կրտսերի ամենագեղեցիկ դրսևորմամբ: Իր ողջ կյանքի ընթացքում, առաջին հանդիպումից սկսած Արամ Խաչատրյանը պահպանեց որդիական հիացում, խոնարհումն դեպի Սարյան անձն ու արվեստագետը: Նկարչի ֆոտոարխիվի մի քանի խմբական նկարներում ուշադրություն է գրավում մի պատկեր. Արամ Իլյիչը միշտ կանգնած է Մարտիրոս Սարյանի գլխավերևում, լինի դա Գերագույն Սովետի սեսիա, թե խաղաղության կոմիտեի նիստ կամ մեկ այլ կառավարական միջոցառում:
Լուսանկարներն, իսկապես ներկայացնում են կոմպոզիտորի անհագ ձգտումը դեպի Վարպետը:
«Իմ այցելությունները Հայաստան՝ տուրիստական ուղևորություններ չեն, դրանք ունեն լուրջ ստեղծագործական նպատակներ»,-գրել է իր հոդվածներից մեկում Խաչատրյանը:
Այդ նպատակների մեջ էր նաև, անպայման, այցելություն Մարտիրոս Սարյանի տուն: «Հասկանում եք, ես կարծես տաճար եմ մտնում» -, ամեն անգամ ոտքը տան շեմին դնելիս կրկնում էր կոմպոզիտորը:
Նկարչի ընտանիքն էլ սիրով սպասում էր մեծանուն կոմպոզիտորին, գիտեր նրա հավանած ուտեստները, սպասում էր գցված սեղանի առջև: Եվ այդ սեղանի շուրջ ծավալվում էր ամենատարբեր զրույցներ երկրի, ժողովրդի, արվեստի, մշակույթի, օրվա խնդիրների շուրջ: Զրույցներում փոխհարաբերությունը նույնն էր, ինչը դրոշմված էր վերը հիշատակված լուսանկարներում: Մարտիրոս Սարյանը հոգևոր հոր նման հետևում էր կոմպոզիտորի ստեղծագործական ուղուն: Նրա արվեստի նկատմամբ ունեցած այդ վերաբերմունքը արձանագրված է Վարպետի երեք դիմանկարով: 1944 թվականին առաջին դիմանկարը, 1963 թվականին՝ երկուսը: Մարտիրոս Սարյանի դիմանկարային գեղանկարչության մեջ, բացի ընտանիքի անդամներից, հազվադեպ է նույն բնորդի մեկից ավել պատկերումը: Հիշենք այդ երեք դիմանկարը. 1944 թվականինը, որը գտնվում է Արևելյան արվեստների թանգարանում, համարվում է ամենահայտնին: Կոմպոզիտորն այստեղ խիստ նպատակային հայացք ունի, հաստատուն կերտվածքով, արտիստիկ սլացքով, ներշնչուն ստեղծագործողի մղումներով: Դիմանկարի տրամադրությունը ամբողջականանում է ետևի գորգ –կարպետի գունային համանվագով: Սա ջութակի և դաշնամուրի կոնցերտների, «Գայանե» բալետի, առաջին, և մանավանդ երկրորդ սիմֆոնիաների հեղինակն է:
Մյուս երկու դիմանկարներն արված են 1963 թվականին Դիլիջանի ստեղծագործական տանը: Մեկն անավարտ է, գտնվում է կոմպոզիտորի տանը, մյուսը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Այս վերջին երկուսը, և հատկապես, տուն-թանգարանինը արդեն հասուն, ճանաչված, գնահատված կոմպոզիտորի դիմանկարն է, սակայն դարձյալ անհանգիստ երաժշտի տրոփող հուզումներով: Եվ վերջապես, այն աչալուրջ վերաբերմունքը դեպի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը, որի մասին ասվեց վերևում, արձանագրվեց նաև խոսքով. «Արամ Խաչատրյանի երաժշտությանը սիրով ու հետաքրքրությամբ սկսեցի հետևել դեռևս 30-ական թվականներից: Երբ արվեստագետը ուրիշի արվեստում տեսնում ու շոշափում է մոտ, ընդհանուր հատկանիշներ, տեսակետներ, մտերմություն է ձեռք բերում նրա հետ: Ահա երկից երկ Խաչատրյանը հարազատ դարձավ ինձ: Լսում ես ու զգում, որ գործ ունես արվեստագետի հետ, որի հավատամքը հաստատվել է իր ժողովրդի նկատմամբ ունեցած ակտիվ վերաբերմունքից: Արժեքը միայն նրանում չէ, որ կոմպոզիտորն իր ներկապնակը սնուցանել է ժողովրդական երաժշտության գանձարանից: Արվեստի, մանավանդ երաժշտության պատմության մեջ նման երևույթը տարածված է: Ինձ համար նրա արվեստի մեծագույն արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտման, հայրենի բնաշխարհի ու ժողովրդի խառնվածքի ներդաշնակումով վրձնած բնութագրի մեջ է: Խաչատրյանի ընդգրկումները մասշտաբային են:
Իսկական արվեստն ունի մի շատ կարևոր պահանջմունք ևս: Դա սեփականի, անհատականի հաստատումն է: Եվ եթե անհատականն այնքան ինքնատիպ է, որ զարգացման ընթացքի համար դառնում է նորույթ, ապա ինչ խոսք արվեստագետի ներդրումը մեծ է: Խաչատրյանի արվեստը նոր ներդրում էր ազգային մշակույթի համար: Այդ ներդրումը բացեց նոր ուղիներ, արվեստի խորհրդավոր, հրապուրիչ ուղիներ: Մայր ուղիով ընթացող մնաց ինքը՝ Խաչատրյանը: Ու մինչ այսօր քայլում է նա իր հաստատուն քայլերով, հաղորդակից դարձնելով հայրենի երաժշտությունը համաշխարհային ընթացքին:
Խոսքն այս գրված է 1970 թվականին, իննսունամյա նկարչի կողմից: Արվեստի ինստիտուտի կողմից հրատարակվող գրքի հեղինակները ցանկացան, որպեսզի Մարտիրոս Սարյանի այս խոսքը տպվի նաև ձեռագիր պատճենով: Սիրով համաձայնեց այդ անել, ասում ենք սիրով, որովհետև դժվարացել էր նրա համար գրչով գրելը: Մեկ էջը գրվեց մեկ շաբաթվա ընթացքում, և, երբ օրվա ընթացքում հիշեցվում էր նրան, որ պետք է շարունակել երեկվա կիսատ մնացածը, Սարյանն ուղղակի բացականչում էր.
- Այո, անպայման...
Վախճանվեց 92-ամյա նկարիչը... Ցավակցական առաջին հեռագրերից մեկը Արամ Խաչատրյանի ընտանիքինն էր: Թվում է՝ արդեն ուշադրությունը ցուցաբերված է: Բայց հաջորդ օրվա երկրորդ կեսին Արամ Իլյիչն իր ընտանիքի լրիվ կազմով Երևանում էր՝ անձամբ մասնակցելու նկարչի հրաժեշտին: Իսկ հրաժեշտի արարողությունն,իսկապես, պատկառազդու էր: Ժողովուրդը մեծ արժանապատվությամբ վերջին ճանապարհն էր ուղեկցում իր նահապետին, ձեռքերի վրա, օպերայից մինչև պանթեոն: Ժողովուրդը, մեր ժողովուրդը...
նկարչին, սիրած, մեծարած նկարչին...
Ահա այդ օրը, հայ արվեստի մշակույթի գործիչների պանթեոնում, 1972 թվականի մայիսի 11-ին Արամ Իլյիչը կամացուկ դիմեց կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանին.
-Էդվարդ, կարելի է, որ կողքը տեղ թողնեք ինձ համար...
Ժողովուրդը, մեր ժողովուրդը նույնպիսի արժանապատվությամբ վերջին ուղին ուղեկցեց նաև մեծահամբավ կոմպոզիտորին:
Բայց, ինչ խոսք, մարդ-արվեստագետ փոխհարաբերությունները մնում են հուշագրության սահմաններում, իսկ հայտնի է, ադպես էլ կա, հուշը կամ հուշագրությունը իր նշանակությամբ երկրորդային է: Առաջնայինն, իհարկե, ստեղծագործական առնչություններն են, որոնք դառնում են արժեք տվյալ մշակույթի համար:
Մարտիրոս Սարյան - Արամ Խաչատրյան ստեղծագործական փոխաղերսակցության մեր դիտարկումները կուզենք սկսել շատ տարածված մի արտահայտության քննարկմամբ:
Տարբեր հեղինակների մոտ այս առնչությունը արտահայտվել է «ինչպես Սարյանի գույները» ֆրազով:
Ըստ որում այս արտահայտությունը վերագրվել է ուզածդ կոմպոզիտորին, ուզածդ կատարողին: Խոսքը հայ երաժշտության մասին է: Փորձենք կարդալ «Մելոդիա» ֆիրմայի թողարկած մի շարք ձայնապնակների թեկուզ անոտացիաները: Երբեք չնսեմացնելով գույնի կամ ռիթմի նշանակությունը այս երկու արվեստագետների ինքնարտահայտման մեջ, կարևորը կարծում ենք կենսափիլիսոփայության ընդհանրությունն է: Եվ կենսափիլիսոփայության այն տեսակը, որի հիմքում ընկած է լուսերգությունը: Հայտնի է որ բազմադարյա մեր հոգևոր մշակույթի ամենատարբեր բնագավառներում խտացված է եղել լույսին, լուսավոր ուժերին ապավինելու մեր ժողովրդի դարավոր հավատամքը: Այդ հավատամքը դրսևորված է թե հնագույն մեր երգերում, թե միջնադարյան տաղերում ու մանրանկարչությունում, թե հոգևոր երաժշտության տարբեր տեսակներում և, հատկապես, հայ քրիստոնեական եկեղեցու ժամերգություններում առանձնահատուկ ճանաչվող «Արևագալի երգեր» շարքում: Ահա լույսին, արևին ապավինելով կեցության հավատ ներշնչելու լուսերգությունն է ընկած թե Սարյանի, թե Խաչատրյանի արվեստի հիմքում:
«Աշխարհում ամենից շատ սիրում եմ արևը» - որպես իր արվեստի նշանաբան այսօր հնչում է Մարտիրոս Սարյանի հայտնի արտահայտությունը:
«Եթե հնարավոր լիներ լույսը, արևի լույսը ամփոփել սենյակում, դա կլիներ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը», - գրեց հեռավոր Ամերիկայի ունկնդիրն իրենց հայտնի «POST» թերթում:
Այս լուսերգությունը եղավ երկու արվեստագետների, նկարչի ու կոմպոզիտորի ստեղծագործության ելակետը մեր կյանքի ամենածանր պահերին: Հիշենք, որ 1915 թվականի ողբերգությունից ցնցված ստեղծագործական ճգնաժամից Սարյանը դուրս ելավ ծաղիկներ նկարելով: Հիշենք 1945 թվականի Հայրենական պատերազմում զոհված զինվորների հիշատակին նվիրված մեծակտավ նատյուրմորտը՝ արևի լույսի ներքո ծնված դաշտային ծաղիկների գունային հանճարեղ համանվագը, հիշենք նաև 1942-ին Պերմ էվակուացված կոմպոզիտորի ստեղծած «Գայանե» բալետը, որ չնայած հաջող կամ ուղղակի անհաջող լիբրետոների, երաժշտությամբ մնում է լույսի, հավատի, սիրո ու երջանկության խրախճանք, հիշենք 1943-ին հեղինակած Խաչատրյանի հռչակավոր 2-րդ սիմֆոնիան, որում համազգային ողբերգության ցնցող պատկերին հաջորդում է հաղթանակի հավատը հաստատող ֆինալը: Եվ դա 1943-ին: Այս օրինակները կարելի է երկար շարունակել, բայց կարծում եմ վարկածս հասկանալի է:
Սարյանին և Խաչատրյանին միմյանց մոտեցնող կենսափիլիսոփայության հետ, անշուշտ, սերտորեն առնչվում է նրանց արվեստները ներկայացնող մեկ այլ կարևոր երևույթ: Դա, ընդհանրապես, և նրանց կապակցությամբ, մասնավորապես, բազմիցս քննարկված Արևելքի և Արևմուտքի զուգակցման խնդիրն է: Այս հոդվածում այս հարցը քննարկում ենք նկարչի ու կոմպոզիտորի արվեստներում Արևելքի և այդ երևույթի ընդհանուրը նշելու միտումով: Երկուսի մոտ էլ երևույթը կազմավորվել է շատ խորունկ հիմքերով: Միտքը պարզելու համար դիմենք 1913 թ. վականի «Ապոլլոն» ամսագրի 9-րդ համարում տպված Մաքսիմիլիան Վոլոշինի հայտնի հոդվածին. «Չնայած Սարյանի արվեստը արտացոլում է Արևելքը, բայց նա օրիենտալիստ չէ... Զգացվում է, որ ձմեռը Մոսկվայում նա լարված երազել է արևով ողողված արևելյան փողոցի մասին և նրան թանկ է պատկերի ճշմարտացիությունը, այլ ոչ նրա իդեալականացումը: Նրան հարկ չեղավ, ինչպես բնածին եվրոպացիներին, հաղթահարում արևելյան կերպարայնության մեջ, դրանց սաղմերն ի ծնե ապրում էին նրա հոգում:Այդ պատճառով դժվար է որոշել, թե Արևելքի որ ձևերից է նա ելնում, դրանք իրենք ստեղծվում են նրա աշխատանքով...»:
Տեխնիկայի նրբագեղությանը Սարյանն, անշուշտ, հասավ եվրոպական փորձի խորունկ իմացությամբ: Երևույթն իր այս ձևի մեջ բնութագրական կարող է լինի նաև Արամ Խաչատրյանի արվեստի համար: Այն կարելի է երևան բերել նրա յուրաքանչյուր և հատկապես առավել լայն ճանաչում ու գնահատություն ստացած երկերում: Այլապես արևելյան ողբերգի վիշտն այնքան ներդաշնակորեն չէր կարող հյուսվել լատինական հոգեհանգստյան մեղեդու, «Դիեզ իրե» - ի նշանավոր սեկվենցիաներին 2-րդ սիմֆոնիայի դանդաղ մասում:
Եվ, վերջապես, Եվրոպական փորձի ու նրբագեղության գաղտնիքներին, ի սկզբանե, և Սարյանը, և Խաչատրյանը հետամուտ եղան 19-րդ դարի և 20-րդ դարի սահմանագլխին ստեղծված ռուսական առաջավոր կուլտուրայի մթնոլորտում: Յուրացնելով այն ամեն առաջավորը, որ հիրավի կար գեղարվեստների ակադեմիայում, նաև Մոսկվայի կոնսերվատորիայում, նկարիչն ու կոմպոզիտորը ընդգրկելով դրանք իրենց արվեստ, ներմուծեցին ընդհանրապես հայ մշակույթ՝ նշանավորելու նրա հետագա ընթացքը: Իրենց թե հանճարեղ ստեղծագործությամբ և թե մտավորականի էթիկայով նրանք նոր հորիզոններ բացեցին մեր մշակույթում:
Նրանց երկուսի արվեստն էլ չսահմանափակվեց զուտ իրենց բարձրարժեք երկերով, այլ եղավ նաև հեռանկարային ազգային մշակույթի զարգացման պրոցեսների համար: Այսպիսի դեպքերում է, որ արվեստագետը դուրս է գալիս զուտ արվեստագետ հասկացողությունից և դառնում է ազգ, ժողովուրդ խորհրդանշող երևույթ:

Արաքսի Սարյան
Արվեստագիտության թեկնածու,
Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր