բլոգ

Դեկտեմբեր 26, 2017

անկագին բարեկամներ, Մ․Սարյանի տուն֊թանգարանը շնորհավորում է Նոր տարին և Սուրբ Ծնուննդը

Թանկագին բարեկամներ, Մ․Սարյանի տուն֊թանգարանը շնորհավորում է Նոր տարին և Սուրբ Ծնուննդը։ Մաղթում է Ձեզ և Ձեր ընտանիքին երջանկություն, քաջ առողջություն և նորանոր հաջողություններ։ Ամանորին տուն֊թանգարանը բաց կլինի դեկտեմբերի 28, 29֊ին (11:00-18:00): 2018թ․ հունվարի 3, 4, 5֊ին (12:00-17:00) Փակ է՝ հունվարի 6, 7֊ին։

Դեկտեմբեր 11, 2017

Յուրահատուկ նվեր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուին

Բոստոնաբնակ քույրեր Մարիա և Բեատրիս Ղրդյանները Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին նվիրեցին, երկար տարիներ որպես մասունք փայփայած, դիրիժորական երկու փայտիկ, որոնցով մաեստրոն իր արվեստով հրաշքներ էր գործում Լատինական Ամերիկայում 1957 թ.-ին հեղինակային համերգներով շրջագայելու ժամանակ: Իսկ քույրերը, որոնք այդ ժամանակ բնակվում էին Արգենտինայում, մեծ հպարտությամբ և խանդավառությամբ էին ընդունել իրենց պաշտելի հայրենակցից այդ երկու արժեքավոր նվերները:

Դեկտեմբեր 10, 2017

Խաչատրյան` «Պեպոյից» մինչև ՅՈՒՆԵՍԿՕ

Հունիսի 18-ին Կորեայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում գրանցվել են «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»: Այդ ցանկում են նաև Բեթհովենի, Բրամսի, Շոպենի անունները: Ընթացիկ տարին խաչատրյանական է: Հունիսի 6-ին լրացավ հանճարեղ կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակը: Նույն օրն էլ Երևանում մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային 9-րդ փառատոնը, որն այս տարի ընդգրկվեց երաժշտական փառատոների համաշխարհային ֆեդերացիայի կազմում: Ի դեպ, այդ շարքում են Չայկովսկու անվան և Եղիսաբեթ թագուհու փառատոները: Արամ Խաչատրյանի մեծ արվեստի անքակտելի մասն է նրա կինոերաժշտությունը: Կոմպոզիտորը հայ ազգային կինոերաժշտության հիմնադիրն է: 1932 թ. Խաչատրյանը գրեց Ջութակի կոնցերտը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց նախորդ դարասկզբի խորհրդային երաժշտական աշխարհում: Այդ ստեղծագործությունը նրան մեծ համբավ բերեց` սկիզբ դնելով անշեղ վերելքի: Ընդամենը 3 տարի հետո Հայաստանում Համո Բեկնազարյանը նկարահանեց առաջին հնչյունային ֆիլմը` «Պեպոն», որը դարձավ արվեստագետների երջանիկ համագործակցության թագն ու պսակը: 1935-ին էկրան բարձրացավ «Պեպոն», ու հնչեց Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Նաև պոետի ու կոմպոզիտորի բացառիկ հանդիպում էր տեղի ունեցել, որի արդյունքում ունեցանք «Ձկնորսի երգը» կամ ավելի տարածված անունով` «Պեպոյի երգը»: «Դամբը ձեռքիս աշխատում իմ, հալալ աշխատանքս իմ ուտում, վայ էն մարդուն, ով աշխարհում խալխի դատած հացն է ուտում»: Երգի խոսքերը գրեց Եղիշե Չարենցը, երաժշտությունը` Արամ Խաչատրյանը, երգեց Հրաչյա Ներսիսյանը: Երեքի էլ անդրանիկը` Չարենցը մինչ այդ արդեն Չարենց էր, բայց կինոյի համար առաջին անգամ էր բանաստեղծություն գրում, Խաչատրյանն էլ արդեն Խաչատրյան էր, ու կինոերաժշտության առաջին փորձն էր անում: Հրաչյա Ներսիսյանը մինչ «Պեպոն» էլ խաղացել էր Բեկնազարյանի ֆիլմերում ու արդեն մեծ արտիստի համբավ ուներ: Մի խոսքով, նախախնամության կամքով թե արվեստների աստվածների ցանկությամբ եռամիասնությունը ստեղծեց հայկական կինոյի երաժշտական առաջին հնչյունն ու երգը, որ այսօր էլ ընկալվում է խոր ակնածանքով ու ազգային հպարտությամբ: «Պեպոյի երգն» իջավ էկրանից, մտավ ժողովրդի մեջ ու դարձավ նրանը: Այնքան սրտամոտ, պարզ ու մատչելի, այնքան հարազատ ու մտերմիկ է երգը, որ ընկալվում է որպես ժողովրդական ստեղծագործություն: «Պեպոյին» 3 տարի հետո հաջորդեց Բեկնազարյանի «Զանգեզուրը»: Այս ֆիլմի երաժշտությունն էլ փնտրեց ու գտավ սյուժեի դրամատիկ, զգացմունքային ու հուժկու նրբերանգները և ձուլվեց պատկերներին` դառնալով մեկ ամբողջություն: Հայկական կինոյում Արամ Խաչատրյանի գործունեությունն այսքանով էլ սահմանափակվեց, բայց սկսվեց նրա սովետական, ավելի ճիշտ` ռուսական կինոյի հետ համագործակցությունը: Նա երաժշտություն է գրել14 ֆիլմի համար, աշխատել սովետական կինոյի մեծ վարպետների հետ, ինչպիսիք են Մ. Ռոմը, Վ. Պետրովը, Ս. Յուտկևիչը, Ս. Գերասիմովը, Յա. Պրոտազանովը: Ստալինյան 4 մրցանակ է ստացել Արամ Խաչատրյանը, որոնցից մեկը 1949 թվականին նկարահանված «Ստալինգրադյան ճակատամարտ» ֆիլմի երաժշտության համար: Մեկ տասնյակից ավելի կինոնկարները, որոնցում հնչում է Խաչատրյանի կինոերաժշտությունը, ժամանակակից սերունդը չի էլ տեսել: Հարցումներն անգամ մասնագիտական բուհերում որևէ արդյունք չտվեցին, իսկ մեր երաժշտական ու երաժշտագիտական աշխարհում Արամ Խաչատրյանի կինոերաժշտությունը հեռավոր ու փառավոր անցյալի խորհրդապաշտական նվաճում է, որի մասին քչերը կարող են խոսել, տեղեկություն հաղորդել, որովհետև այն ուսումնասիրված չէ: Մի գրքույկ է միայն գրվել Արամ Խաչատրյանի կինոերաժշտության մասին, այն էլ` ռուսերեն, հեղինակն է Նամի Միկոյանը: Մեր երաժշտական աշխարհը հպանցիկ ու կցկտուր տեղեկություններ ունի հայ ազգային կինոերաժշտության հիմնադրի մասին: Մասնագիտական խոսք ու վերլուծություն ակնկալելն այս թեմայով դժվար է: Եղածը հիմնված է «Պեպո» և «Զանգեզուր» ֆիլմերի վրա: Արաքս Սարյան (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտագետ) - Արամ Խաչատրյանը Դմիտրի Շոստակովիչի, Սերգեյ Պրոկոֆևի ժամանակակիցն էր ու նրանց հետ կիսում էր սովետական դասականի փառքը: Նրանք ներկայացվում էին որպես հրաշալի եռյակ: Արամ Խաչատրյանը նոր, թարմ շունչ բերեց սովետական երաժշտական աշխարհ. սա խոստովանեց նաև Շոստակովիչը: Նրա բազմաժանր արվեստում տեղ գտավ նաև կինոերաժշտությունը: Նա ապրում էր Մոսկվայում, մեծ հեղինակություն ուներ, ու ռեժիսորները նրան առաջարկում էին իրենց ֆիլմերի համար կինոերաժշտություն գրել: Մեծ պատիվ էր գրել երաժշտություն «Ստալինգրադյան ճակատամարտի» համար. ժամանակի թելադրանքով արված ֆիլմ, Մեծ հայրենականի հաղթանակից հետո` 1949 թվականին: Այդ տարիների երաժշտության համընդհանուր ռիթմով ու միտումներով արված աշխատանք էր դա, որում, բնականաբար, չէին կարող ընդգրկվել ազգային նրբերանգները, ինչը հատուկ էր Արամ Իլյիչին: Նա հարմարվել էր թեմային, սյուժեին, ֆիլմի պահանջներին ու ըստ այդմ էլ ստեղծագործել: Իմ կարծիքով` այդ տարիներին նրա գրած կինոերաժշտությունը պատմություն է դարձել` արտահայտելով տվյալ ժամանակաշրջանի ոգին ու շունչը: Մնայունն Արամ Խաչատրյանի հայկական ֆիլմերի համար գրված գործերն են, որոնք կապված էին մեր իրականության հետ: Լավագույն օրինակը «Պեպոն» էր, հաջորդը` «Զանգեզուրը»: «Պեպոյի երգը՚» գրվելուց անմիջապես հետո սկսեց կատարվել ժամանակի հանրահայտ երգիչների կողմից ու անմիջապես ժողովրդական համբավ ձեռք բերեց: Երգը շատերի երգացանկ մտավ, հնչեց տարբեր բեմերից` որպես կինոյից դուրս, առանձին ստեղծագործություն: Այն չարենցյան բառերի, թիֆլիսյան կոլորիտի, սունդուկյանական ոգու ճիշտ համակցություն էր: Քաջածանոթ լինելով ժողովրդական երաժշտությանը: Արամ Խաչատրյանը կարողացավ հասկանալ թեմայի խորքայնությունը, կենցաղի, մարդկային հարաբերությունների սոցիալական շեշտադրումները: Ինչպես գնահատում ենք Արամ Խաչատրյանի առաջին սիմֆոնիան, առաջին բալետը: «Ուրախությունը», որ հետո դարձավ «Գայանե», այնպես էլ արժևորում ենք «Պեպոյի» երաժշտությունը` որպես հայ կինոյի պատմության մեջ առաջին կինոերաժշտություն: Նա ցույց տվեց, որ կոմպոզիտորը պետք է աշխատի ֆիլմի հետ, կերպարներին, ասելիքին, թեմային, պատկերներին համապատասխանող գործ գրի: Իսկ եթե այն քո ժողովրդինն է, ուրեմն, անպայման, պետք է ազգային նրբերանգներ ունենա: «Զանգեզուրի» երաժշտությունը հերոսական, պատմական թեմայով է, որն ունի խոհական հատվածներ` կապված կյանքը հայրենիքին նվիրելու գաղափարի հետ, բայց այն մնաց ֆիլմի մեջ ու ֆիլմի հետ: Արամ Սաթյան (կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ) - Էդգար Հովհաննիսյանն Արամ Խաչատրյանի ուսանողն էր: Նամակներից մեկում ուսուցչին գրել էր. «Արամ Իլյիչ, հասարակության մեջ համոզմունք է տարածվել, թե Ձեր «Պեպոյի երգը» ժողովրդական երգ է»: Այնքան խոսուն էր նրա երաժշտությունը, որ դրա հիման վրա ռեժիսորները նոր պատկերներ էին ստանում: Որպեսզի համագործակցությունը կատարյալ պտուղ տա, պետք է ռեժիսորն ու կոմպոզիտորը որակապես հավասար լինեն: Եթե տաղանդավոր կոմպոզիտորի հետ աշխատի միջակ ռեժիսոր, կգերիշխի երաժշտությունը, իսկ ֆիլմը հետին պլան կմղվի: Տաղանդների հավասարազորություն է պետք ցանկացած աշխատանքում: Այդ առումով Արամ Խաչատրյանի բախտը բերել է, որովհետև համագործակցել է ժամանակի մեծ ռեժիսորների հետ: Մի դիտարկում ևս. շատ կարևոր է նրա բեմական փորձը: Խաչատրյանը մոտիկից գիտեր բեմարվեստը, գիտեր, որ բեմական երաժշտությունը տարբերվում է այլ ժանրերից: Օրինակ` երիտասարդ Շոստակովիչի բեմական երաժշտությունը լավ չէր ստացվում. հետո նա փայլուն գրեց «Համլետը», այսինքն` նրան հարկավոր էր փորձ կուտակել, մասնագիտանալ այդ ոլորտում: Իսկ Արամ Իլյիչը բնածին տաղանդ ուներ. միանգամից ու հրաշալի էր գրում կինոերաժշտություները: Դա նրանից էր, որ անմիջապես հասկանում էր` կինոդիտողին ինչ է պետք, ինչպես տանել նրան կինոյի ու երաժշտության միացյալ աշխարհ: Արամ Խաչատրյանը ժողովրդական մարդ էր, ճիշտ է, առաջին հայացքից թվում էր, թե սահմանագիծ է քաշել իր ու ժողովրդի միջև, բայց իրականում նա ժողովրդին շատ մոտ էր կանգնած: Մենք պետք է ընդունենք, որ արևելյան է մեր երաժշտությունը. մեր կոմպոզիտորներն ուզում են արևելյանի սահմաններից դուրս գալ ու հասնել եվրոպականի տիրույթներ, իսկ Խաչատրյանը եվրոպական մտածողությունը համադրեց ազգայինի հետ ու ստեղծեց իր երաժշտությունը` դառնալով Արևելքի թիվ մեկ կոմպոզիտորը: Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի համար էլ է երաժշտության հայրը, որովհետև նրանց լադային համակարգերին էլ անդրադարձավ` մատուցելով դասական երաժշտության համատեքստում: Այդ պատճառով էլ Խաչատրյանին աշակերտում էին տարբեր ազգերի երիտասարդ կոմպոզիտորներ: Մի հավելում էլ անեմ նրա կինոերաժշտության առանձնահատկությունների մասին: Կարծես տրամաբանականն այն է, որ ֆիլմում պատերազմի կադրերի տակ հնչի ռիթմիկ երաժշտություն, չէ±: Բայց Արամ Խաչատրյանը հաճախ շեղվում էր այդ օրինաչափությունից: Կռվի կադրեր են ցուցադրվում, որոնք ուղեկցվում են շատ խորհրդավոր, դանդաղ, տրագիկ երաժշտությամբ: Միտումնավոր է կոմպոզիտորի նման լուծումը. այդ երաժշտությունն ավելի է ընդգծում պատկերը` ինքնին ստեղծելով դրամատիզմ: Յուրի Հարությունյան (կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ)- Նրա ժամանակների կինոն այսօրվա պես ճյուղավորված չէր, ժանրային առումով, կարելի է ասել, միատարր էր: Հրավիրված կոմպոզիտորներն էլ էքսպերիմենտներ չէին անում, իրենց սովորական երաժշտությունն էին գրում, որ կգրեին բեմի կամ նվագախմբի համար: Այն ժամանակ կոմպոզիտորին ծանոթացնում էին ֆիլմի ռիթմի, սյուժեի, նկարահանված նյութի, դրամատուրգիայի հետ, որպեսզի պակերացում կազմվեր աշխատանքի մասին: Նույնիսկ այս դեպքում կոմպոզիտորներն ուղղակի երաժշտություն էին գրում, ոչ թե կինոերաժշտություն: Իմ պատանեկան հիշողություններում տպավորվել են այն ֆիլմերը, որոնց համար Արամ Իլյիչը երաժշտություն է գրել: Նրա երաժշտությունն էր` սիմֆոնիկ երանգներով, բայց խաչատրյանական` արևելյան թեմայով: Այդ ֆիլմերի մի մասը դասական է դարձել` «Ստալինգրադյան ճակատամարտը», «Օթելլոն»: Նա իʹր երաժշտությունն էր գրում, բայց լիովին համապատասխան ֆիլմին: Բնատուր էր նրա շնորհքը բոլոր ժանրերում, այդ թվում` կինոյի: