Contrary to popular belief, Lorem Ipsum is not simply random text.

առաջիկա ցուցահանդեսներ

Փարաջանովի Նռան գույնը

01 Հնվ 2017 - 31 Դեկտ 2017

Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են Սերգեյ Փարաջանովի աշխատանքները՝ հարթ և տարածական կոլաժներ, ասամբլյաժներ, գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններն իրենց համանմանը չունեն համաշխարհային արվեստում: Դրանք աչքի են ընկնում իրենց բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Ս. Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում հայկական, արևելյան և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը: Թանգարանում կյանքի են կոչվել Սերգեյ Փարաջանովի արվեստի գեղարվեստական և ցուցադրական սկզբունքները:

Թանգարանների միջազգային օր

18 Մյս 2017 - 18 Մյս 2017

«Մ.Սարյանի ստեղծագործական կյանքի ցավոտ պատմություն. փարիզյան շրջանի այրված նկարները պահպանված միայն նեգատիվներում» խորագրով ցուցադրութուն, բացումը տեղի կունենա ժամը 14:00-ին: Համերգ «Փարոս» երգչախմբի մասնակցությամբ: Սկիզբը՝ ժ. 16:00-ին

Թանգարանների գիշեր

20 Մյս 2017 - 22 Մյս 2017

18:00 «Հնչյուններ և գույներ» - նկարում են այցելուները: 18:00 Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը: ծրագրում՝ հատվածներ «Գայանե» բալետից: 18:45 Ա. Հեքիմյանի անվ. երաժշտական դպրոցի սաների ելույթը: 19:00-20:30 Պարի ուսուցում: 21:00 Հանդիպում ՀԽՍՀ ժող. արտիստ, բալետմայստեր Վիլեն Գալստյանի հետ: 22:30 Գ. Աճեմյանի անվ. ջութակահարների անսամբլի ելույթը:

Հայաստանի մշակույթի օրերը» միջոցառման մեկնարկը

18 Նոյ 2017 - 14 Հնվ 2018

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում նոյեմբերի 15-ին պաշտոնապես բացեցին «Հայաստանի մշակույթի օրերը» Ռուսաստանում, որը մեկնարկեց Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսի բացումով։ Ցուցահանդեսում ընդգրկվել են կտավներ Հայաստանի Ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից: Ցուցահանդեսը կգործի մինչև 2018 թ. հունվարի 14-ը:

միջոցառումներ

Հնվ 01
2017

Մշտական ցուցադրություն Սերգեյ Փարաջանովի թանգարանում

Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են Սերգեյ Փարաջանովի աշխատանքները՝ հարթ և տարածական կոլաժներ, ասամբլյաժներ, գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններն իրենց համանմանը չունեն համաշխարհային արվեստում: Դրանք աչքի են ընկնում իրենց բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Ս. Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում հայկական, արևելյան և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը: Թանգարանում կյանքի են կոչվել Սերգեյ Փարաջանովի արվեստի գեղարվեստական և ցուցադրական սկզբունքները:

Մյս 05
2017

Միջոցառում Մարտիրոս Սարյանի տուն թանգարանում

Ին վինո գինու ակումբ-վաճառատան՝ «Մուտքը գինով» ծրագրի շրջանակում Մ. Սարյանի տուն-թանգարանը մայիսի 5 - ին և 6-ին բաց է լինելու այցելության համար ժ. 11.00-23.00: Ծրագրի շրջանակում թանգարանի Ղազարոս և Արաքսի Սարյանների անվան դահլիճում տեղի կունենա համերգային երեկո. Մայիսի 5, ժ. 18.30 - Թավջութակի կատարումներ /կատարող՝ Սերգեյ Ստամբոլցյան, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի շրջանավարտ/ Մայիսի 6, ժ. 19.30 - Համերգ՝ Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ:

Մյս 04
2017

Թանգարանների գիշեր

Համերգային ծրագիր 18:00 - Գ.Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլը ներկայացնում է. Ա. Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները: Գեղարվեստական ղեկավար և կոնցերտմայստեր՝ Աննա Աճեմյան 20:00 - Աննա Մայիլյանի Երգարվեստի կենտրոնը ներկայացնում է. Ղ. Սարյանի և Կոմիտասի ստեղծագործությունները: 22:00 - «Սարյան» լարային քառյակը ներկայացնում է. Ղ. Սարյանի, Է. Միրզոյանի, Կոմիտասի ստեղծագործությունները:

Հոկտ 26
2017

Հոբելյանական համերգ՝ նվիրված Մարտիրոս Սարյանի 50-ամյակին

Այս տարի Մ.Սարյանի տուն-թանգարանը նշում է իր գործունեության 50-ամյակը: Հոկտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին Ա.Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի կունենա հոբելյանական համերգ: Մուտքը՝ հրավիրատոմսերով: Հոտկեմբերի 26-27-ին Մ.Սարյանի տուն-թանգարանի 4-րդ հարկում գտնվող Ղ.և Ա. Սարյանների անվան դահլիճում տեղի կունենա գիտաժողով: Նիստերի սկիզբը ժ. 10-ին: Մուտքը՝ հրավիրատոմսերով:

Նոյ 30
2017

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ»

30 սեպտեմբերի: Համերգ Նվիրված Ղ.Սարյանի ծննդյան 97-ամյակին Մասնակցությամբ՝ Ղ.Սարյանի անվան և Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցների դասարանների սաների: Համերգի պատվավոր հյուրերը կլինեն հանրահայտ կոմպոզիտոր Տ. Մանսուրյանը և անվանի ջութակահար Ռուբեն Ահարոնյանը։

Դեկտ 16
2017

Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը

Դեկտեմբերի 16-ին, ժամը՝ 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է վայելելու ավանդական դարձած «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագրի հերթական երեկոն, որը նվիրված է գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր Ռոբերտ Շումանին: Ելույթ կունենան՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Մաքսիմ Նովիկով (ալտ), Աննա Մայիլյան (մեցցո-սոպրանո): Ծրագրում՝ կամերային ստեղծագործություններ: Համերգի ընթացքում Օլյա Նուրիջանյանը կներկայացնի Գերմանիայում Ռոբերտ Շումանի թանգարանների պատմությունը:

բլոգ

Հնվ 30
2017

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Ականավոր կինոբեմադրիչ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թ.: Այն Երևանի ամենշատ այցելուներ հյուընկալող թանգարաններից մեկն է: Թանգարանում պահպանվում է Փարաջանովի ստեղծագործական ժառանգությունը՝ կոլաժներ, ասամբլյաժներ, ֆիլմերի էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, անձնական իրեր և ընկերների նվերներ, ընդհանուր առմամբ շուրջ 1600 առարկա: Հեղինակի ինքնատիպ վերաբերմունքը կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումն արտահայտված են նրա ստեղծագործություններում, որոնց մի մասը արվել էր բանտում. Փարաջանովը սովետական իշխանությունների կողմից շուրջ 15 տարի զրկված էր ֆիլմ նկարելու հնարավորությունից, որոնցից 1973-1977 թթ. և 1982 թ. անցկացրել է խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում: Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններն իրենց համանմանը չունեն համաշխարհային արվեստում: Դրանք աչքի են ընկնում իրենց բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Ս. Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում հայկական, արևելյան և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը: Գոյության 26 տարիների ընթացքում թանգարանը 30 երկրներում կազմակերպել է 64 ցուցահանդես:

Հնվ 30
2017

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ - ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մ. Սարյան - Արամ Խաչատրյան հայորդի երևույթների փոխհարաբերությունը կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններով. մարդ-անձանց, արվեստագետների և, ամենակարևորը՝ ստեղծագործողների: Մեկ հոդվածի սահմաններում հնարավոր չէ այս ամենը լիովին ներկայացնել. փորձենք կանգ առնել այս փոխհարաբերության առավել կարևոր թվացող եզրերի շուրջը: Նրանց առաջին, խորհրդանշանային հանդիպումը, ըստ Արամ Խաչատրյանի հուշի, տեղի է ունեցել 1921 թվականին, Բալաջարի կիսակայարանում, երբ արդեն ճանաչված նկարիչն իր ընտանիքով գալիս է Հայաստան ապրելու և ստեղծագործելու հեռանկարային նոր կյանք սպասվող հայրենիքում: Որքան մեծ ու ոգևորող պիտի լիներ նոր կառուցվող հասարակության ճշմարտությանը հավատալու ցանկությունը: Չէ որ հայտարարվող գաղափարները մոտ ու հարազատ էին, մարդուն, մանավանդ արվեստագետին: Բալաջարի կիսակայարանի ճանապարհով Հայաստան էր գալիս Նոր Նախիջևանում ծնված (ուր գաղթօջախի հիմնական ազգաբնակչությունը հին անեցիներ էին), Մոսկվայի կերպարվեստի, քանդակագործության և ճարտարապետության նշանավոր ուսումնարանում կերպարվեստի դասական հիմքերին հետամուտ եղած և դրանով արյան կանչն առավել շնչավորված, 20-ական թվականների Մոսկվայի գեղարվեստի աշխարհում ճանաչում ձեռք բերած հայազգի նկարիչը: Ապրանքատար վագոնով Մոսկվա էր գնում բազմաշերտ ազգաբնակչություն ունեցող Հավլաբարում ծնված 19-ամյա տաղանդավոր մի երիտասարդ, որն իր ժողովրդին օգտակար լինելու համար 20-ական թվականների գեղարվեստական Մոսկվայից շատ բան ուներ ուսանելու: Բալաջարի կիսակայարանի այս հպանցիկ հանդիպումը, կարծես, հետագա մարդկային և ստեղծագործական փոխհարաբերությունների նախերգն եղավ: Այս փոխհարաբերությունը ներկայանում է ավագի ու կրտսերի ամենագեղեցիկ դրսևորմամբ: Իր ողջ կյանքի ընթացքում, առաջին հանդիպումից սկսած Արամ Խաչատրյանը պահպանեց որդիական հիացում, խոնարհումն դեպի Սարյան անձն ու արվեստագետը: Նկարչի ֆոտոարխիվի մի քանի խմբական նկարներում ուշադրություն է գրավում մի պատկեր. Արամ Իլյիչը միշտ կանգնած է Մարտիրոս Սարյանի գլխավերևում, լինի դա Գերագույն Սովետի սեսիա, թե խաղաղության կոմիտեի նիստ կամ մեկ այլ կառավարական միջոցառում: Լուսանկարներն, իսկապես ներկայացնում են կոմպոզիտորի անհագ ձգտումը դեպի Վարպետը: «Իմ այցելությունները Հայաստան՝ տուրիստական ուղևորություններ չեն, դրանք ունեն լուրջ ստեղծագործական նպատակներ»,-գրել է իր հոդվածներից մեկում Խաչատրյանը: Այդ նպատակների մեջ էր նաև, անպայման, այցելություն Մարտիրոս Սարյանի տուն: «Հասկանում եք, ես կարծես տաճար եմ մտնում» -, ամեն անգամ ոտքը տան շեմին դնելիս կրկնում էր կոմպոզիտորը: Նկարչի ընտանիքն էլ սիրով սպասում էր մեծանուն կոմպոզիտորին, գիտեր նրա հավանած ուտեստները, սպասում էր գցված սեղանի առջև: Եվ այդ սեղանի շուրջ ծավալվում էր ամենատարբեր զրույցներ երկրի, ժողովրդի, արվեստի, մշակույթի, օրվա խնդիրների շուրջ: Զրույցներում փոխհարաբերությունը նույնն էր, ինչը դրոշմված էր վերը հիշատակված լուսանկարներում: Մարտիրոս Սարյանը հոգևոր հոր նման հետևում էր կոմպոզիտորի ստեղծագործական ուղուն: Նրա արվեստի նկատմամբ ունեցած այդ վերաբերմունքը արձանագրված է Վարպետի երեք դիմանկարով: 1944 թվականին առաջին դիմանկարը, 1963 թվականին՝ երկուսը: Մարտիրոս Սարյանի դիմանկարային գեղանկարչության մեջ, բացի ընտանիքի անդամներից, հազվադեպ է նույն բնորդի մեկից ավել պատկերումը: Հիշենք այդ երեք դիմանկարը. 1944 թվականինը, որը գտնվում է Արևելյան արվեստների թանգարանում, համարվում է ամենահայտնին: Կոմպոզիտորն այստեղ խիստ նպատակային հայացք ունի, հաստատուն կերտվածքով, արտիստիկ սլացքով, ներշնչուն ստեղծագործողի մղումներով: Դիմանկարի տրամադրությունը ամբողջականանում է ետևի գորգ –կարպետի գունային համանվագով: Սա ջութակի և դաշնամուրի կոնցերտների, «Գայանե» բալետի, առաջին, և մանավանդ երկրորդ սիմֆոնիաների հեղինակն է: Մյուս երկու դիմանկարներն արված են 1963 թվականին Դիլիջանի ստեղծագործական տանը: Մեկն անավարտ է, գտնվում է կոմպոզիտորի տանը, մյուսը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Այս վերջին երկուսը, և հատկապես, տուն-թանգարանինը արդեն հասուն, ճանաչված, գնահատված կոմպոզիտորի դիմանկարն է, սակայն դարձյալ անհանգիստ երաժշտի տրոփող հուզումներով: Եվ վերջապես, այն աչալուրջ վերաբերմունքը դեպի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը, որի մասին ասվեց վերևում, արձանագրվեց նաև խոսքով. «Արամ Խաչատրյանի երաժշտությանը սիրով ու հետաքրքրությամբ սկսեցի հետևել դեռևս 30-ական թվականներից: Երբ արվեստագետը ուրիշի արվեստում տեսնում ու շոշափում է մոտ, ընդհանուր հատկանիշներ, տեսակետներ, մտերմություն է ձեռք բերում նրա հետ: Ահա երկից երկ Խաչատրյանը հարազատ դարձավ ինձ: Լսում ես ու զգում, որ գործ ունես արվեստագետի հետ, որի հավատամքը հաստատվել է իր ժողովրդի նկատմամբ ունեցած ակտիվ վերաբերմունքից: Արժեքը միայն նրանում չէ, որ կոմպոզիտորն իր ներկապնակը սնուցանել է ժողովրդական երաժշտության գանձարանից: Արվեստի, մանավանդ երաժշտության պատմության մեջ նման երևույթը տարածված է: Ինձ համար նրա արվեստի մեծագույն արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտման, հայրենի բնաշխարհի ու ժողովրդի խառնվածքի ներդաշնակումով վրձնած բնութագրի մեջ է: Խաչատրյանի ընդգրկումները մասշտաբային են: Իսկական արվեստն ունի մի շատ կարևոր պահանջմունք ևս: Դա սեփականի, անհատականի հաստատումն է: Եվ եթե անհատականն այնքան ինքնատիպ է, որ զարգացման ընթացքի համար դառնում է նորույթ, ապա ինչ խոսք արվեստագետի ներդրումը մեծ է: Խաչատրյանի արվեստը նոր ներդրում էր ազգային մշակույթի համար: Այդ ներդրումը բացեց նոր ուղիներ, արվեստի խորհրդավոր, հրապուրիչ ուղիներ: Մայր ուղիով ընթացող մնաց ինքը՝ Խաչատրյանը: Ու մինչ այսօր քայլում է նա իր հաստատուն քայլերով, հաղորդակից դարձնելով հայրենի երաժշտությունը համաշխարհային ընթացքին: Խոսքն այս գրված է 1970 թվականին, իննսունամյա նկարչի կողմից: Արվեստի ինստիտուտի կողմից հրատարակվող գրքի հեղինակները ցանկացան, որպեսզի Մարտիրոս Սարյանի այս խոսքը տպվի նաև ձեռագիր պատճենով: Սիրով համաձայնեց այդ անել, ասում ենք սիրով, որովհետև դժվարացել էր նրա համար գրչով գրելը: Մեկ էջը գրվեց մեկ շաբաթվա ընթացքում, և, երբ օրվա ընթացքում հիշեցվում էր նրան, որ պետք է շարունակել երեկվա կիսատ մնացածը, Սարյանն ուղղակի բացականչում էր. - Այո, անպայման... Վախճանվեց 92-ամյա նկարիչը... Ցավակցական առաջին հեռագրերից մեկը Արամ Խաչատրյանի ընտանիքինն էր: Թվում է՝ արդեն ուշադրությունը ցուցաբերված է: Բայց հաջորդ օրվա երկրորդ կեսին Արամ Իլյիչն իր ընտանիքի լրիվ կազմով Երևանում էր՝ անձամբ մասնակցելու նկարչի հրաժեշտին: Իսկ հրաժեշտի արարողությունն,իսկապես, պատկառազդու էր: Ժողովուրդը մեծ արժանապատվությամբ վերջին ճանապարհն էր ուղեկցում իր նահապետին, ձեռքերի վրա, օպերայից մինչև պանթեոն: Ժողովուրդը, մեր ժողովուրդը... նկարչին, սիրած, մեծարած նկարչին... Ահա այդ օրը, հայ արվեստի մշակույթի գործիչների պանթեոնում, 1972 թվականի մայիսի 11-ին Արամ Իլյիչը կամացուկ դիմեց կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանին. -Էդվարդ, կարելի է, որ կողքը տեղ թողնեք ինձ համար... Ժողովուրդը, մեր ժողովուրդը նույնպիսի արժանապատվությամբ վերջին ուղին ուղեկցեց նաև մեծահամբավ կոմպոզիտորին: Բայց, ինչ խոսք, մարդ-արվեստագետ փոխհարաբերությունները մնում են հուշագրության սահմաններում, իսկ հայտնի է, ադպես էլ կա, հուշը կամ հուշագրությունը իր նշանակությամբ երկրորդային է: Առաջնայինն, իհարկե, ստեղծագործական առնչություններն են, որոնք դառնում են արժեք տվյալ մշակույթի համար: Մարտիրոս Սարյան - Արամ Խաչատրյան ստեղծագործական փոխաղերսակցության մեր դիտարկումները կուզենք սկսել շատ տարածված մի արտահայտության քննարկմամբ: Տարբեր հեղինակների մոտ այս առնչությունը արտահայտվել է «ինչպես Սարյանի գույները» ֆրազով: Ըստ որում այս արտահայտությունը վերագրվել է ուզածդ կոմպոզիտորին, ուզածդ կատարողին: Խոսքը հայ երաժշտության մասին է: Փորձենք կարդալ «Մելոդիա» ֆիրմայի թողարկած մի շարք ձայնապնակների թեկուզ անոտացիաները: Երբեք չնսեմացնելով գույնի կամ ռիթմի նշանակությունը այս երկու արվեստագետների ինքնարտահայտման մեջ, կարևորը կարծում ենք կենսափիլիսոփայության ընդհանրությունն է: Եվ կենսափիլիսոփայության այն տեսակը, որի հիմքում ընկած է լուսերգությունը: Հայտնի է որ բազմադարյա մեր հոգևոր մշակույթի ամենատարբեր բնագավառներում խտացված է եղել լույսին, լուսավոր ուժերին ապավինելու մեր ժողովրդի դարավոր հավատամքը: Այդ հավատամքը դրսևորված է թե հնագույն մեր երգերում, թե միջնադարյան տաղերում ու մանրանկարչությունում, թե հոգևոր երաժշտության տարբեր տեսակներում և, հատկապես, հայ քրիստոնեական եկեղեցու ժամերգություններում առանձնահատուկ ճանաչվող «Արևագալի երգեր» շարքում: Ահա լույսին, արևին ապավինելով կեցության հավատ ներշնչելու լուսերգությունն է ընկած թե Սարյանի, թե Խաչատրյանի արվեստի հիմքում: «Աշխարհում ամենից շատ սիրում եմ արևը» - որպես իր արվեստի նշանաբան այսօր հնչում է Մարտիրոս Սարյանի հայտնի արտահայտությունը: «Եթե հնարավոր լիներ լույսը, արևի լույսը ամփոփել սենյակում, դա կլիներ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը», - գրեց հեռավոր Ամերիկայի ունկնդիրն իրենց հայտնի «POST» թերթում: Այս լուսերգությունը եղավ երկու արվեստագետների, նկարչի ու կոմպոզիտորի ստեղծագործության ելակետը մեր կյանքի ամենածանր պահերին: Հիշենք, որ 1915 թվականի ողբերգությունից ցնցված ստեղծագործական ճգնաժամից Սարյանը դուրս ելավ ծաղիկներ նկարելով: Հիշենք 1945 թվականի Հայրենական պատերազմում զոհված զինվորների հիշատակին նվիրված մեծակտավ նատյուրմորտը՝ արևի լույսի ներքո ծնված դաշտային ծաղիկների գունային հանճարեղ համանվագը, հիշենք նաև 1942-ին Պերմ էվակուացված կոմպոզիտորի ստեղծած «Գայանե» բալետը, որ չնայած հաջող կամ ուղղակի անհաջող լիբրետոների, երաժշտությամբ մնում է լույսի, հավատի, սիրո ու երջանկության խրախճանք, հիշենք 1943-ին հեղինակած Խաչատրյանի հռչակավոր 2-րդ սիմֆոնիան, որում համազգային ողբերգության ցնցող պատկերին հաջորդում է հաղթանակի հավատը հաստատող ֆինալը: Եվ դա 1943-ին: Այս օրինակները կարելի է երկար շարունակել, բայց կարծում եմ վարկածս հասկանալի է: Սարյանին և Խաչատրյանին միմյանց մոտեցնող կենսափիլիսոփայության հետ, անշուշտ, սերտորեն առնչվում է նրանց արվեստները ներկայացնող մեկ այլ կարևոր երևույթ: Դա, ընդհանրապես, և նրանց կապակցությամբ, մասնավորապես, բազմիցս քննարկված Արևելքի և Արևմուտքի զուգակցման խնդիրն է: Այս հոդվածում այս հարցը քննարկում ենք նկարչի ու կոմպոզիտորի արվեստներում Արևելքի և այդ երևույթի ընդհանուրը նշելու միտումով: Երկուսի մոտ էլ երևույթը կազմավորվել է շատ խորունկ հիմքերով: Միտքը պարզելու համար դիմենք 1913 թ. վականի «Ապոլլոն» ամսագրի 9-րդ համարում տպված Մաքսիմիլիան Վոլոշինի հայտնի հոդվածին. «Չնայած Սարյանի արվեստը արտացոլում է Արևելքը, բայց նա օրիենտալիստ չէ... Զգացվում է, որ ձմեռը Մոսկվայում նա լարված երազել է արևով ողողված արևելյան փողոցի մասին և նրան թանկ է պատկերի ճշմարտացիությունը, այլ ոչ նրա իդեալականացումը: Նրան հարկ չեղավ, ինչպես բնածին եվրոպացիներին, հաղթահարում արևելյան կերպարայնության մեջ, դրանց սաղմերն ի ծնե ապրում էին նրա հոգում:Այդ պատճառով դժվար է որոշել, թե Արևելքի որ ձևերից է նա ելնում, դրանք իրենք ստեղծվում են նրա աշխատանքով...»: Տեխնիկայի նրբագեղությանը Սարյանն, անշուշտ, հասավ եվրոպական փորձի խորունկ իմացությամբ: Երևույթն իր այս ձևի մեջ բնութագրական կարող է լինի նաև Արամ Խաչատրյանի արվեստի համար: Այն կարելի է երևան բերել նրա յուրաքանչյուր և հատկապես առավել լայն ճանաչում ու գնահատություն ստացած երկերում: Այլապես արևելյան ողբերգի վիշտն այնքան ներդաշնակորեն չէր կարող հյուսվել լատինական հոգեհանգստյան մեղեդու, «Դիեզ իրե» - ի նշանավոր սեկվենցիաներին 2-րդ սիմֆոնիայի դանդաղ մասում: Եվ, վերջապես, Եվրոպական փորձի ու նրբագեղության գաղտնիքներին, ի սկզբանե, և Սարյանը, և Խաչատրյանը հետամուտ եղան 19-րդ դարի և 20-րդ դարի սահմանագլխին ստեղծված ռուսական առաջավոր կուլտուրայի մթնոլորտում: Յուրացնելով այն ամեն առաջավորը, որ հիրավի կար գեղարվեստների ակադեմիայում, նաև Մոսկվայի կոնսերվատորիայում, նկարիչն ու կոմպոզիտորը ընդգրկելով դրանք իրենց արվեստ, ներմուծեցին ընդհանրապես հայ մշակույթ՝ նշանավորելու նրա հետագա ընթացքը: Իրենց թե հանճարեղ ստեղծագործությամբ և թե մտավորականի էթիկայով նրանք նոր հորիզոններ բացեցին մեր մշակույթում: Նրանց երկուսի արվեստն էլ չսահմանափակվեց զուտ իրենց բարձրարժեք երկերով, այլ եղավ նաև հեռանկարային ազգային մշակույթի զարգացման պրոցեսների համար: Այսպիսի դեպքերում է, որ արվեստագետը դուրս է գալիս զուտ արվեստագետ հասկացողությունից և դառնում է ազգ, ժողովուրդ խորհրդանշող երևույթ: Արաքսի Սարյան Արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր

Մրտ 02
2017

ԴԵՊԻ ԱՆԻ

Զարթիր վերջապես և քեզ նայիր... Սթափվիր, գուցե դու ավելի գեղեցիկ ես, քան կարծում ես... Արևն արդեն կապույտ սարի ետևն էր իջնում՝ իր վերջին դողդոջուն շողերը դեպի երեկոյան մթնշաղով պատած հովիտներն ուղղելով: Բարձունքների վրա ոչխարների հոտերն էին շրջում: Արևը պահվեց: Գնացքը մեզ թողեց հայաբնակ փոքրիկ Պուղտաշեն գյուղի մոտ: Երկնքի մյուս ծայրում լուսինը երևաց մաքուր ու պայծառ և իր մեղմ, արծաթափայլ լույսով ծածկեց մոտակա բլուրները, գյուղը և փողոցներում շրջող բնակիչներին: Մենք մտանք գյուղական մի աղքատ, մռայլ ու սեղմված խրճիթ, որտեղ այնքան մութ էր, որ ես ոչինչ չէի կարողանում նշմարել և միայն իմ ողջույնիս լսեցի ծանր արտասանած պատասխան: Մի քանի րոպեից ես պարզ նկատեցի անկյունում մի կռացած, ալեզարդ ծերուկ, որը խաղաղ սպասում էր իր միակ սփոփանքին, որի անունն է՝ մահ: Նրանից մի քիչ հեռու մայրը սև, լայն ու գիշերվա նման հմայիչ աչքերով օրորում էր իր երեխային: Ծերուկը ծանր շնչեց, կարծես մի բեռ ձգեց իր ուսերից և նայեց երեխայի կողմը: Երեխան լաց եղավ ու լռեց: Կարծես լսվեց արհավիրքի թեթև շրշյուն, որ սլացավ մարդկանց գլուխների վրայով, ես զգացի պատահաբար հանդիպած հոգիների դառնակսկիծ ողբը: Օրորոցը դանդաղ շարժվում էր. մանուկը քնել էր տարված շողերի ցոլքի նման մաքուր երազներով: Շուրջը ամեն ինչ խաղաղ էր, երբ մենք հեռանում էինք արդեն քնած գյուղից: Մեր առաջից գնում էր մեր ուղեկիցը, իսկ մենք ձի նստած հազիվ էինք նրան հասնում: Ես ինձ շատ անհարմար էի զգում, անսովոր լինելով ձի հեծնելու, բացի դրանից էլ փայտե թամբը ձիու կռնակին ամրացրած չլինելով և ամեն րոպե այս ու այն կողմն էր ընկնում: Լուսինը երկնքում ծիծաղում էր. աստղերը ցած էին իջնում ու նորից երկինք բարձրանում: Քանի գնում ցուրտը սաստկանում էր և լեռային պաղ քամին ուղիղ երեսներիս էր փչում: Թվում էր, թե ձին փոխանակ առաջ գնալու հետ էր գնում, շուրջս լեռները կարծես պարում էին: Լուսինը սկսեց քրքջալ. ցուրտ էր: Աչքերս ոչ բացվում էին, ոչ փակվում, նրանց մեջ արտացոլում էր շրջակայքը և հետո կորչում. ոչ քնած էի, ոչ արթուն: Ես պինդ փաթաթվեցի ձիուս վզին: Լուսինը շարունակում էր քրքջալ և ցատկոտելու, վերջապես, չկարողանալով զսպվել, ուշացած ցած գլորվեց: Ես ինձ թեթև զգացի և երբ բացի աչքերս, տեսա որ նա նորից հանգիստ փայլում է երկնքում, իսկ մոտս ուղեկիցն է կանգնած: Բախտի բերմամբ ես անվնաս մնացի ու ճանապարհիս մնացած մասը ոտով շարունակեցի: Հազիվ–հազ հասանք գյուղ, ուր գյուղացիները մեզ տաք թեյով հյուրասիրեցին: Մնում էր դեռ գետն անցնել և հասած կլինեինք մեր նպատակին: Այստեղից արդեն մեզ մի ուրիշը ուղեկցեց. նա տարավ մեզ մի կիրճի միջով, որի խորքում, փայլուն ժապավենի նման աղմկահույզ Ախուրյանն էր ոլորապտույտ սողում: Որքան ձորի խորքն էինք իջնում, այնքան էլ ավելի երկու կողմից նրա սև ոլորապիրկ կողքերն էին աճում: Վերևն երևում էր աստեղազարդ երկինքը, խաղաղ, անհուն և հավերժալուռ, իսկ ոտներիս տակ՝ ձորի խորքում, գեղեցկության սիմֆոնիա հորինելով փրփրացայտ ջուրը զարնվում էր քարերին և հետ մղվում անզոր ու տկար: Ահա մենք ձորի հատակն իջանք: Մեր նավակը սահում է գետի վրայով արագ հոսանքով տարվելով դեպի գետի մյուս ափը: Մութ է: Մեր ուղին կտրող վիթխարի քարերի մոտից պտույտ անելով, մենք նեղ շավղով բարձրանում ենք վերև ու վերև: Ուղիղ մեր առաջը ուրվականների նման սկսում են գծագրվել սիգապանծ ավերակներ: Կիսակործան աշտարակների վրայով թռչում էր հեքիաթը, շարժելով իր լայնարձակ թևերը...Մենք քաղաքն ենք անցնում փոքրիկ ծակի միջով, որ հսկայական պարսպի մեջ է փորված: Լուսինը ժպտում է... հոգնածությունից ոտներս ծալվում են: Ես մրսում եմ և քաղց եմ զգում: Լուսինը դողում է... Մենք մոտեցանք մի դարպասի, որի ետևից շների բարձրաձայն հաչոց էր լսվում: Դարպասը բացվեց և իր խրճիթի շեմքին մեզ ընդունեց մի բարի դեմքով վարդապետ: Նրա մոտ կային մի քանի հյուրեր: Կուշտ ընթրիքից հետո ես հոգնած ընկա մահիճ և, երևի, խոր կքնեի, եթե միջատներն ինձ հանգիստ թողնեին: Երևի նրանք էլ սոված էին: Առավոտը կարմիր արևն էր ծնվում: Ոսկեզօծ լեռների գագաթներն արդեն ողջունում էին նորածին լուսարփիին, իսկ Անիի լքված ավերակները, առավոտյան մառախուղի շղարշի միջից տխուր ու տրտում ինձ էին նայում: Ամեն ինչ այնպես լուռ էր ու խաղաղ, որ կարծես, թե այս տեղերով երբեք չի սլացել քայքայման կատաղի մրրիկը, մինչդեռ շուրջդ անցյալի հիշատակարանների վրա ամեն տեղ հուսահատության հետքեր էին երևում, այն ահռելի ճչի հետքերը, որ սարսափահար փախչող մարդկանց սրտերից էր դուրս թռչում: Այստեղ էլ մի ժամանակ ծաղկում էր այն շքեղ բազմերանգ ծաղիկը, որի անունն է կյանք: Սա մի անգին, բայց մոռացված անկյուն է, որն իսկապես արժանի էր ավելի լուրջ ուշադրության: Սակայն ինչ՞ է իրականությունը... Անին օտարազգի գիտնականների ուշադրությանն էր արժանացած՝ մինչդեռ իր տիրոջից մոռացված է... Եվ այդ մոռացության մեջ զգում ես վիրավորական հեգնանք այն ժողովրդի գիտակցության հասցեին, որն ունեցել է անցյալում այդպիսի հարստություններ և մինչ այսօր չգիտե իր պատմական սրբությունները գնահատել ու սիրել: Ամբողջ դարեր են անցել այդ աշտարակների, պարիսպների, տաճարների վրայով, անթիվ գնդակներով ու նետերով են վիրավորել այդ հսկաները... Բայց ժամանակն ավելի անգութ է: Նա անշշուկ, սակայն և անընդհատ, քայքայում է այդ անխնամ թողնված դարևոր հուշարձանները: Այն, ինչ որ մարդիկ չեն կարողացել քանդել, ժամանակն է լրացնում: Կգա՞ արդյոք այն օրը, երբ թանկագին բեկորները միացնող ու խնամող կգտնվի և ապագա սերնդին վկայական կթողնե Անիի անցյալ փառքից... Էջմիածնում կա մի հարուստ թանգարան, անհրաժեշտ էր մի այդպիսի թանգարան էլ Անիում հիմնել: Մենք լուռ շրջում ենք: Ահա դարպասի վրա մի խորհրդավոր բարիելյեֆ՝ կենդանիների հզոր և գեղեցիկ թագավորը - առյուծը, որ այժմ միակ պահապանն է այն քաղաքի ստվերին, որի դռներն ամենքի համար բաց են: Ահա և ահագին պարսպի մի բեկոր, նա հազիվ է կանգնած, կարծես թե օդում կախված լինի, չորս կողմը խորին լռություն է տիրում, բայց արդեն զգում ես, որ մոտ է այն ժամը, երբ այն բեկորն էլ ահագին դղրդոցով գետին է փռվելու, լցնելով օդը քարե հառաչանքներով: Ահա և արաբական արձանագրություններով զարդարված մի աշտարակ: Նա զատվում է մյուս շինություններից. նրանում արդեն մի ուրիշ ժողովրդի երգն է զգացվում: Ժողովրդի, որն ով՞ գիտե, թե ինչու թողնելով արաբական անապատները, այստեղ - Հայաստանի լեռներն է եկել... Իսկ ներքևում գետն է երևում: Նա անդադար աղմկում է և ցերեկը, և գիշերը, և արևի լույսին, և լուսնի աղոտ շողերի տակ... Ախուրյանի միապաղաղ աղմուկից օրորված, ես նստած էի ժայռի գագաթին ու միտս ընկան բանաստեղծ Լևոն Մանվելյանի խոսքերը. Բայց լուռ չէ միայն հեգ Ախուրյանը Եվ գիշեր ցերեկ նա ողբ է ասում. Նա դեռ հիշում է իր հին օրրանը Եվ հուսահատված ափերին զարնվում: Զարնվում է ափերին ու համբույր տալով Կոծով վազում է հարազատ վայրից Նման խեղճ այն մոր, որ հեկեկալով Դառնում է միակ որդու շիրիմից: Թեև պրոֆեսոր Մառը ավերակ շինություններից մեկը հարմարեցրել է թանգարանի, բայց դա խանգարում է այդ շենքի տպավորությանը: Կարևոր է առանձին հատուկ շինություն կառուցանել, այն էլ դուրսը, դարպասի մոտերքում: Ավելորդ չէր լինի և մի հյուրանոց շինել եկվորների համար: Մարտիրոս Սարյան «Նոր կյանք», Նոր Նախիջևան, 4-օգոստոսի Թարգմ. Ալ. Մյասնիկյանի

Մյս 04
2017

Մարտիրոս Սարյանը և հայ արդի կերպարվեստի զարգացումը 1960-1980-ական թվականներին

20-րդ դարի 2-րդ կեսը և մասնավորապես 1960-1980-ական թթ. արդարացի կերպով դիտարկվում են իբրև ինքնուրույն ու վառ փուլ հայկական գեղանկարչական նորագույն պատմության մեջ: Հայաստանում 20-րդ դարի երկրորդ կեսի կերպարվեստի զարգացումը նշանավորված է մի քանի առավել բնորոշ գծերով, որոնք նախօրոք նախապատրաստված էին, բայց անբնական մի ուժով իրենց արտահայտումն էին գտել հենց այս ժամանակահատվածում: Ասպարեզ են գալիս Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտները, ձևավորվում է արվեստագետների մի խումբ, որոնք պատկանում էին միևնույն դպրոցին, բայց տարբեր կերպ էին լուծում ժամանակակից կյանքի իմաստավորման խնդիրը: Հայկական գեղանկարչությունը զարգանում էր բազմաթիվ խթանների ազդեցությամբ: Ժամանակակիցների գեղարվեստական ժառանգությունը և արվեստը վեր հանեցին ազգային գեղանկարչական ավանդույթների ամբողջությունը և թույլ տվեցին նոր սերնդի գեղանկարիչներն գնահատել, վերաիմաստավորել և որոշել սեփական գերակայությունները: Այս շրջանում ստեղծագործությունների մեծ մասը կրում էին վառ արտահայտված ազգային գծեր, ինչն էլ խոսում է այն մասին, որ նոր սերնդի նկարիչները դասեր էին առնում ոչ միայն հայ միջնադարյան արվեստից, այլ նաև ակտիվորեն յուրացնում էին նոր ժամանակների և 20-րդ դարի 1-ին տասնամյակների հայկական արվեստի ժառանգությունը: Առավել կարևոր էին նոր սերնդի` Մ. Սարյանից առնված դասերը: 1958թ. «Սովետական արվեստ» ամսագրի էջերին հայտվեց մի բանավեճ, որը սկսում էր Ե. Մարտիկյանի «Կերպարվեստի հոբելյանական ցուցահանդես» հոդվածով և ավարտվում «Գեղարվեստական ընդհանրացման ուժը» հոդվածով: Չնայած որ բանավեճի կենտրոնը Մ. Սարյանի արվեստն էր, խոսքը գնում էր ժամանակակից արվեստի ուղիների և դիտողի` դրան ներկայացված, փոխված պահանջների, արտահայտչամիջոցների և այլ խնդիրների մասին: Բանավեճը մատնանշում էր հայկական արվեստի անցումը դեպի զարգացման ժամանակակից էտապ, նաև որոշում էր մեծ սերնդի նկարիչների դերը ողջ գործընթացի մեջ և նոր միտումների բնույթը կերպարվեստի տեսակներից յուրաքանչյուրում: Մ. Սարյանի արվեստի և իր անձի ազդեցությունը ժամանակակիցների վրա շատ մեծ էր: Նա մնում էր գեղարվեստական գործընթացի ակտիվ մասնակիցը մինչև իր կյանքի վերջին օրերը: Վարպետի մահից հետո էլ, նրա թեմաները ու մոտիվները, մարդն ու բնությունը ընկալելու նրա յուրահատուկ կարողությունը, պլաստիկայի ու գեղանկարչության նրա դասերը, գեղարվեստական կերպարներում աշխարհի հայեցման ու իմաստավորման նրա ձևը կրկնվում ու ստեղծագործաբար փոխակերպվում էին հաջորդ սերնդի նկարիչների արվեստում: Մ. Սարյանի թողած ժառանգությունը հաջորդ սերունդների համար հանդիսանում էր մտքերի ու գաղափարների, մի մեծ գանձարան: Յուրաքանչյուր նկարիչ վերցնում էր մեծագույն նկարչից այն, ինչ հարազատ էր իրեն ու իր աշխարհայացքին: Մ. Սարյանի արվեստը հիմք հանդիսացավ նոր սերնդի արվեստագետների համար: Մ. Սարյանի կանխանշած ու նրա հետևորդների գործերում այս կամ այն չափով, այս կամ այլ կերպով զարգացում ապրած կոթողային ու դեկորատիվ-գունապաշտական ուղղությունները շարունակվում է, բազմապիսի անհատական-սուբյեկտիվ դրսևորումներ են գտնում 1930-1950-ական թվականներին ծնված, մեծ մասամբ այսօր էլ գործող նկարիչների գործերում: Դրանք արտահայտվում են գեղանկարչական տարբեր ժանրերում, ոճական տարբեր սկզբունքներով, տեխնիկական տարբեր միջոցներով ու հնարքներով: Այդ պատկերները աչքի էին ընկնում դեկորատիվ, կամ մոնումենտալ-դեկորատիվ հատկանիշներով, գունային սուր զգացողությամբ, ֆովիստական էքսպրեսիվ գույներով և ապլիկատիվ հարթված ձևերով: Նույնիսկ Հ. Իգիթյանի հիմնադրած ժամանակակից արվեստի թանգարանը բացվեց Սարյանի մահից անմիջապես հետո՝ վերջինիս հեղինակավոր կերպարը, և գործնական օգնությունը որպես հիմք ունենալով: Ավելին, ըստ Ա. Կամենսկու, թանգարանը տրամադրում էր հայ ազգային ոճի էվոլուցիան իր արդիական վերամարմանավորումներում, որտեղ Սարյանի ստեղծագործությունը թանգարանի էսթետիկական հիմնակմախքն էր, իսկ Մինաս Ավետիսյանը՝ թանգարանի «ստեղծագործական սիրտը»: 1960-1980-ական թվականների հայ գեղանկարչության մեջ «սարյանական գիծը», թերևս, ամենից ներկայանալի, ազգային առավել հստակ նկարագիր ունեցող առաջին իսկ հայացքից անմիջապես ճանաչվող, հարուստ փորձ ունեցող գեղարվեստական ուղղություն էր: Սակայն դրան զուգընթաց զարգանում էին նաև այլ ուղղություններ, որոնք կապված չէին ոչ սարյանական արվեստի պատկերագրության, ու կերպարային բովանդակության, ոչ էլ սարյանական ոճի կամ գույնի հետ: Դրանք օժտված էին ազգային յուրահատուկ, նույնքան հարազատ ու ճանաչելի գունապլաստիկական հատկանիշներով: Չնայած այն հանգամանքին, որ սոցռեալիզմն իր «երկաթե վարագույրով» խոչընդոտում էր արևմտյան մշակույթի ազդեցությանը սովետական արվեստի վրա, այնուամենայնիվ չի կարելի չնկատել Մ. Սարյանի արվեստում ավանգարդ մտածողության սերմերը: Անշուշտ դժվար չէ նկատել ընդհանրություններ Սարյանի և եվրոպական այնպիսի նկարիչների արվեստի միջև, ինչպիսիք են Պ. Սեզանը, Պ. Գոգենը, Ա. Մատիսը և այլն: Այս ամենը իհարկե չէր կարող չանդրադառնալ հայ նոր սերնդի նկարիչների վրա, ովքեր արդեն իրենց առջև ունեին ավանգարդի և ազգայինի ներդաշնակ միավորման այդչափ վառ օրինակ: 1960-1980-ական թթ. արդեն զգացվում էր, որ սարյանական ոճի հսկայածավալ առաքելությունը հիմնականում իրականացված է, և որ հայկական գեղարվեստական մշակույթին անհրաժեշտ են սկզբունքորեն նոր, նախկինից տարբերվող լուծումներ, որոնք նոր ժամանակաշրջանում կշարունակեին Վարպետի գործը: Զարգացումը պիտի անցներ մի քանի գծերով: Նախ, հայերի ամրապնդված ազգային ինքնագնահատականը փնտրում էր ավելի ակնհայտ ընդհանուր գծեր` ժամանակակից գեղանկարիչների և հին հայկական կերպարվեստի հազարամյա ավանդույթների միջև: Սարյանական ոճի ազդեցությունն անշուշտ նկատվում է նոր սերնդի արվեստագետներից շատերի հատկապես վաղ շրջանի ստեղծագործություններում:Մասնավորապես նկատելի են Սեզանից ու Մատիսից առնված դասերը, որ հատկապես արտահայտվում են թեմայի ու հորինվածքի կառուցման մեջ: Գոյություն ունի սյուժեի շատ ավարտուն և հետևողական երկրաչափական կառուցվածքայնացում, որ Սեզանը կիրառում էր նվազ ակնհայտությամբ: Հետագայում էլ արդեն Մատիսի մոտ երկրաչափական արտահայտչալեզուն աստիճանաբար փոխակերպվում է, որպեսզի փոխարինվի ավելի ազատ ու հասուն ձևերով, անբասիր ճաշակի սեփական պատկերագրությամբ: Այս ամենը երիտասարդ արվեստագետներին տանում էր դեպի ժամանակակից մտածողությունը: Նրանց համար նորարարական փնտրտուքների մեկ այլ բևեռ է ձգտումը դեպի ժամանակակից մտածողությունը արվեստում: Որոշ դեպքերում դա պահանջում է հեռացում բնորդից և կոնկրետացված պատկերումից: Կերպարի փիլիսոփայական մեծությունը կարող է իրականանալ միայն իր առարկայա-պլաստիկական սինթետիկության հիմք ունենալու պայմաններում: Իսկ սարյանական դպրոցը, ինչպես հայտնի է, խորապես փակ է բնորդի անմիջական դիտարկման սահմաններում: 1960-80-ական թվականների արվեստագիտական սերնդի գեղարվեստական ձևամտածողությունը փաստորեն ընկած էր այս երկու բևեռների միջև: Սա որոշ առումով պարադոքսալ է հնչում, քանի որ այս արվեստագետներից ոմանք իրենց ստեղծագործության հասուն շրջանում աբստրակցիոնիզմի դաշտում էին, ինչպես օրինակ Էդուարդ Խարազյանը կամ Սեյրան Խաթլամաջյանը: Դեռևս Հ. Ռիդն իր «Մեր օրերի արվեստը» աշխատության մեջ աբստրակտ արվեստի բաժինը սկսում է Սեզանից: Չէ՞ որ աբստրակտ արվեստի ստեղծագործական պրակտիկան իր հիմքում կրում է մաքուր ձևի պահպանման գաղափարը, ինչը ծագել էր դեռևս պոստիմպրեսիոնիստների մոտ և կատարելության հասել հենց Սեզանի շնորհիվ: Միանգամայն ակնհայտ էր, որ շրջապատող կյանքի ընկալման մշակույթը գալիս է հենց Սարյանից: Իսկ ինչու՞ հենց Սարյանից: Այս հարցին պատասխանելու համար ուշադրություն դարձնենք միայն իրեն բնորոշ մի քանի կարևոր հատկանիշների: Սարյանական գիծը երիտասարդ արվեստագետներին գիտակցված կամ չգիտակցված տանում է դեպի Պ. Սեզան, Ա. Մատիս, Վ. վան Գոգ ու Պ. Գոգեն: Ինչպես և Սեզանը, Սարյանը տեսանելի աշխարհից վերցնում էր առարկայի տիպական ձևը, այսինքն՝ արդեն որոշապես ընդհանրացված: Սակայն դա նրան չէր բավարարում: Իրականության ձևերի ներքին կառուցվածքը, արտահայտչությունը՝ անշարժ թե շարժուն վիճակում, անպայման պահպանվում է: Սարյանի կերպարային աշխարհը չի հակասում իրականությանը: Նկարիչը պատկերում է մարդկանց ու բնություն և չի օտարվում բնօրինակից, բայց մի փոքր հեռանալով՝ ստեղծում է իր սեփական աշխարհը, որտեղ իրականությունը հաղթահարվում և վերածվում է խորհրդանշանի: Մարդիկ, կենդանիները, ծառերը, պտուղները, ծաղիկները նրա վրձնի ներքո պահպանում են իրենց նախասկզբնական առանձնահատուկ ուրվապատկերը: Սա վերաբերում է բոլոր ժանրերի գործերին՝ բնանկար, նատյուրմորտ, թե դիմանկար: Հայեցակարգով ու աշխարհընկալմամբ տարբեր երեք նկարիչ՝ Մատիսը, Սեզանը և Սարյանը, ամեն մեկը յուրովի, հաստատում են իրենց փայփայած միասնական գաղափարը և յուրովի խոսում աշխարհի անսահմանության մասին: Այս սկզբունքին հետամուտ՝ Մատիսը գույների ներդաշնակ հակադրությամբ հասնում էր երաժշտականության, նրա մաքուր, դեկորատիվ գույների աշխարհը հոգու զվարթնոց է: Նրա մշակած սկզբունքները կտավի հարթության վրա առանց ստվերումների, մարդուն բերկրանք հաղորդող, բայց, հնչեղ գունային սիմֆոնիա ստեղծելն էր: Իսկ Սեզանը՝ ձգտելով պահպանել իմպրեսիոնիստների ձեռք բերած գույների ազատությունը, կրճատում էր օդային հեռապատկերը, առարկաները մոտեցնում էր դիտողին և ծայր աստիճան խտացնելով առարկայի գունային մակերեսը՝ բարձր հմտությամբ իրականությունը ներկայացնում էր նյութեղեն հագեցվածությամբ: «Լինել ազատ, և այդուհանդերձ չկորցնել շփումը իրականության հետ». ըստ Սեզանի սա է այն էպիկական կերպարի դրաման, որ տարբեր ձևերով կոչվում է գյուտարար արվեստագետ կամ բանաստեղծ: Այսպիսով՝ հայ կերպարվեստի զարգացման գործընթացի ակտիվ մասնակիցն է Մ. Սարյանը: Նրա շնորհիվ են ձևավորվում գեղարվեստական սկզբունքներ ու շրջապատող աշխարհի ընկալման և վերարտադրման մշակույթ, ինչը հեղ նախապատրաստեց հետագա նորարարական մոտեցումների համար: Անգնահատելի է Մ. Սարյանի դերը հայ արդի կերպարվեստի զարգացման գործում: